Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ անձնական կարծիքը կայանում է նրանում, որ հաստատ մի բան պետք է անել». իշխանական պատգամավորը՝ զինծառայության մասին օրենքի նախագծի մասին

Մայիս 28,2025 09:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի անկախության 77-ամյակի առիթով կազմակերպված դիվանագիտական երեկույթի ընթացքում Էդմոն Մարուքյանի հետ մտերմիկ զրույցի բռնված ԱԺ  իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հաստատելով, որ այդ պահին իր վաղեմի գործընկերոջ հետ վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով չեն զրուցում, այլ քննարկում են զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը, պատասխանեց Aravot.am-ի՝ այդ խնդրին վերաբերող հարցերին:

-Դուք ի՞նչ կարծիքի եք այդ օրենքի նախագծի մասին:

-Նախագիծն ամբողջությամբ գրեթե քննարկված է: Բայց հանրային լուրջ, հակասական տրամադրություններ կան: Եվ այս ամեն ինչը պետք է քննարկվի: Բոլոր կարծիքները, այդ թվում՝ նաեւ «դեմ» կարծիքները, մանրամասն պետք է քննարկել, նոր անցնել առաջ: Առանց հանրային կոնսենսուսի, կարծում եմ, դժվար է այդ օրենքը ընդունել:

-Կներեք, բայց ես հարցնում էի Ձեր անձնական կարծիքի մասին:

-Իմ անձնական կարծիքը կայանում է նրանում, որ հաստատ մի բան պետք է անել:

-Այսինքն, վճարել չծառայելու համա՞ր:

-Ոչ: Այդ մարդիկ եթե վճարում են, դառնում են հավերժ պահեստազորի ծառայող: Այն մարդիկ, որոնք ազատվում են, Հայաստանի Հանրապետությունը լքում են, այդ մարդկանց մենք պահեստազորում չենք տեսնում: Իսկ այն մարդիկ, ովքեր կվճարեն, կմասնակցեն մի քանի ամիս զինվորական համապատասխան մասնագիտական ուսուցման, նրանք պատրաստի զինվոր կլինեն, պահեստազորում կլինեն եւ 25-օրյա հավաքներին կմասնակցեն: Եվ աստված մի արասցե, անհրաժեշտության դեպքում պատերազմական իրավիճակում կմոբիլիզացվեն:

-Այսինքն, կարծում եք, որ մեկ ամիս ծառայելով դառնում են լիարժեք պահեստազորայի՞ն:

-Մեկ ամիսը դեռեւս քննարկման փուլ է: Դա պետք է զինվորականները մեզ ավելի հստակ ասեն՝ ինչքան ժամանակ է պետք, որպեսզի բավարար հմտություններ կարողանան տալ 18 տարեկան երիտասարդներին:

-Արդյոք այն երիտասարդները, որոնք առանց վճարելու են խուսափում ծառայությունից, գուցե, նրանց համարում եք դասալիք, բայց նրանք, ովքեր վճարում են եւ չեն ծառայում, նրանց համարում եք պահեստազորայիննե՞ր:

-Ձեր հարցը չհասկացա, բայց սենց ասեմ: Կան օրենսդրական բացեր, որոնցից այսօր օգտվելով՝ շատ-շատերը խուսափում են ծառայությունից: Մի մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից է հրաժարվում մինչեւ 14, 16, 17 տարեկանը: Մեր քրեական խրոնիկան նայում ենք, տեսեք ինչքան քրեական գործեր կան հարուցված, ինչքան մարդիկ կան դատապարտված, որոնք համապատասխան հիվանդություն չեն ունեցել, բայց ազատվել են, ինչքան զինկոմիսարիատների աշխատողներ կան, որոնք քրեական պատասխանատվության են ենթարկվել: Բայց մեծ հաշվով՝ պետք է նպաստող պայմաններն ու պատճառները վերացնել, որպեսզի առիթ չտանք մարդկանց կոռուպցիոն ճանապարհով գնալ:

-Եթե այդ օրենքն ընդունվի, Ձեր կարծիքով, ովքե՞ր են ի վիճակի վճարել պայմանական 15 կամ 24 միլիոն դրամը: Հարուստները կվճարեն, չունևորները կգնան, կծառայեն իրենց երկու տարին: Եվ կստացվի, որ բանակը կդառնա աղքատների բանակ:

-Այսօր հարուստները իրենց երեխեքին տանում են դուրս, ոչ մի բան էլ չեն վճարում, մենք նրանց տեղը չգիտենք էլ: Վաղը որ պատերազմ լինի, իրենք պահեստազորում չկան: Բայց երբ որ գան, վճարեն, մենք այդ վճարով մի քանի պայմանագրային զինծառայող կպահենք ավելի բարձր աշխատավարձով: Եվ երբ որ գան, վճարեն, դառնան զինվոր, գրանցվեն պահեստազորում, նրանք էլ փախնելու տեղ չունեն:

-Աստված չանի, եթե պատերազմ լինի, կստացվի որ փող ունեցողը վճարում է, առոք-փառոք ապրում է, իսկ ով չի վճարել, զոհվելու հավանականությո՞ւն ունի:

-Ոչ, ձեր պատկերացումները խեղաթյուրված են: Պատերազմի ժամանակ բոլորն են գնում պատերազմ, ովքեր պահեստազորում հաշվառված են: Կրկնում եմ, այսօր ձեր ասած հարուստի երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվում են, մեր պահեստազորում ընդհանրապես չկան եւ վաղն էլ, որ պատերազմ է լինում, իրենք գոյություն չունեն: Բայց երբ որ եկավ, վճարեց, պետությունը նրան վարժեցրեց, դարձրեց զինվոր, նա պահեստազորում հաշվառվեց, նա վաղը, մյուս օրը մասնակցելու է պատերազմին այնպես, ինչպես բոլոր քաղաքացիները: Սա է տրամաբանությունը: Ամեն դեպքում պետք է քննարկվի: Մեկ ամիս է, երկու ամիս է եւ այլն: Քննարկումները շարունակվում են, եւ ձգտելու ենք մաքսիմում հասարակական կոնսենսուսի պայմաններում այս նախագիծը ընդունել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031