ԵՎՍ ՄԵԿ ԱՆԱՌԱՐԿԵԼԻ ԱՊԱՑՈւՅՑ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՆՎԱՆ ԳՈՂԱՑՎԱԾ ԼԻՆԵԼՈւ ՄԱՍԻՆ
Թուրք զորահրամանատար՝ Հայոց ցեղասպանության իրականացման դահիճներից Էնվեր փաշայի կրտսեր եղբայրը՝ գեներալ-լեյտենանտ Նուրի փաշան, Օսմանյան Թուրքիայի վարչակազմի հրամանով 1918թ. մայիսի 25-ին ստեղծել է Կովկասի իսլամական բանակ՝ բաղկացած 5000-անոց օսմանյան կանոնավոր զորամիավորումից, անդրկովկասյան թյուրք-թաթարների (հետագայի, այսպես կոչված, ադրբեջանցիների) անկանոն զորքերից և փոքրաքանակ դաղստանցիներից:
1918թ. մայիսի 26-ին լուծարվել է Անդրկովկասի սեյմը: Երկու օր անց՝ մայիսի 28-ին, Օսմանյան Թուրքիայի վարչակազմի ծրագրմամբ և նրա առաջնորդությամբ Թիֆլիսում իր անկախությունն է հռչակել Ադրբեջանի Հանրապետությունը:
Հարկ է նշել, որ 107 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1918թ. մայիսի 28-ին, հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանը կոչվել է ոչ թե «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն», ինչպես տարբեր շրջանակներ ներկայացնում են Ադրբեջանում, այլ՝ «Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետություն»: Նշված ժամանակահատվածում Ադրբեջան անունով գոյություն ունեցած արհեստածին, կեղծ կազմավորումն ադրբեջանցիներն անվանել են «Azərbaycan Xalq Cümhuriyyəti», ադրբեջաներեն տառադարձությամբ՝ «Ազերբայջան Խալք Ջումհուրիյեթի»:
Ադրբեջաներեն «Xalq» բառը թարգմանաբար հայերեն նշանակում է «ժողովուրդ»: Հետևաբար, «Azərbaycan Xalq Cümhuriyyəti» թարգմանաբար նշանակում է ոչ թե «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն», այլ՝ «Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետություն»:
Կարդացեք նաև
Եթե 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջան անունով արհեստածին կեղծ կազմավորումն ադրբեջանցիներն օտար լեզվով թարգմանելիս անվանում են «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն», ապա ադրբեջաներեն այն պետք է հնչի հետևյալ կերպ. «Azərbaycan Demokratik Respublikası», ադրբեջաներեն տառադարձությամբ «Ազերբայջան Դեմոկրատիկ Ռեսպուբլիկասի»: Սակայն, հենց ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ այդ արհեստածին, կեղծ կազմավորումը կոչվել է «Azərbaycan Xalq Cümhuriyyəti»:
Ադրբեջանցիները հետագայում միտումնավոր իրենց արհեստածին, կեղծ կազմավորման անվան մեջ «Xalq-Ժողովուրդ» բառն օտար լեզվով թարգմանաբար ներկայացրել են «դեմոկրատական»՝ թերևս նպատակ ունենալով աշխարհին ցույց տալու, որ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի վարչակազմի կողմից ստեղծված երկրորդ թյուրքական պետությունը, իբրև թե, եղել է ժողովրդավարական, ինչն, անշուշտ, նվազագույն քննադատությանը չդիմացող սուտ է:
1918թ. դրությամբ ադրբեջաներեն լեզվի գոյություն չունենալու պատճառով օսմաներենով գրված Ադրբեջանի անկախության հռչակագիրն ունեցել է հետևյալ վերնագիրը. «Հռչակագիր Ադրբեջանի անկախության մասին», ադրբեջաներեն՝ «Azərbaycanın İstiqlal Bəyannaməsi», ադրբեջաներեն տառադարձությամբ՝ «Ազերբայջանին Իսթիքլալ Բեյաննամեսի»: Ինչպես տեսնում ենք, հռչակագրի վերնագրից բացակայում է «դեմոկրատական» բառը:
ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղար Էրիկ Դրումոնդը 1920թ. նոյեմբերի 24-ին հրապարակած իր հուշագրում արհեստական, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մասին, մասնավորապես, գրել է. «Հարկ է նշել, որ այս տարածքը (Ադրբեջանը – Ս. Հ.-Ջ.),… նախկինում երբեք պետություն չի եղել, այլ միշտ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան, կամ Պարսկաստանը, իսկ սկսած 1813 թվականից՝ Ռուսաստանի կայսրությունը: «Ադրբեջան» անվանումն էլ, որն ընտրվել է նոր հանրապետության համար, հարևան պարսկական նահանգի անվանում է:»:
Որ Ադրբեջանի անվանումը պարսկական նահանգի անվանում է, վկայում է ոչ միայն Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղարը: Ներկայիս Ադրբեջանի անվան յուրացված կամ գողացված լինելու մասին փաստում է ևս մեկ անառարկելի ապացույց:
1913 թվականին Արևմտյան Եվրոպայում (Նիդերլանդներ-Մեծ Բրիտանիա) տպագրված Իսլամի հանրագիտարանում նշված է, որ Ադրբեջան ասելով հասկանում են Պարսկաստանի հյուսիս-արևմտյան մասը:
Ահա նշված հանրագիտարանի համապատասխան հատվածի լուսապատճենը և հայերեն թարգմանությունը:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ