Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Մայիս 28. ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊՐՈՂ ՈԳԻՆ
Այս օրը խորհրդանիշն է մեր սուրբ երդման`պահպանելու, արժևորելու ու զորացնելու պետականությունը, որի գինը հայ ազգի արյունն էր, հայրենի հողի հանդեպ սերն ու պետության նվիրական երազանքը։
1918թ. մայիսի 28-ին սեփական հայրենիքում հազարամյակներ շարունակ ապրող մի հերոս ժողովուրդ, հերոսների սխրանքներից ծնված կամքով հռչակեց՝ Հայաստանն անկախ է, մենք այլևս պետականության տեր ենք:
Կարդացեք նաև
Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան մեր ոգու, անմատչելի նվիրումի, մեր անսասան գոյության ճիչերն են։ Այդպես մենք կերտեցինք հայկական պետություն հարյուրամյակների ընդմիջումից հետո։
Մայիսի 28-ը կենդանի հիշեցում է, որ պետականությունն ու անկախությունը արժեքներ են, որոնց պետք է վերաբերվել խնամքով, պաշտպանել նվիրումով։
Այսօր, ինչպես 106 տարի առաջ, մեզ պատուհասած սպառնալիքներին դիմագրավելու համար անհրաժեշտ է համախմբում՝ աշխարհասփյուռ հայությամբ ու առանց իրար հանդեպ թշնամանքի, հանուն մեր իսկական պաշտպանի` Հայոց պետականության:
Շնորհավոր մայիսի 28:
Խոնարհումս բոլոր նրանց հիշատակին, ովքեր կյանքի գնով պսակեցին այս օրը։