«Ժառանգություն » կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին։
«Ես այդ մարդկանց այլեւս չեմ մեկնաբանում, բայց կարող եմ ասել, որ քաղաքացիական հեգնանք է, ծաղրանք է։ Եվ նրանք, ովքեր հանձնել են Հայաստանը, իր տարածքը, ինքնիշխանությունը, իր ոսկե տղաներին, խոսում են այդ նույն արժեքներից։ Պատմության դասերը ոչ թե չեն սերտել հայոց սերունդները, այլ հենց իրենք չգիտեն, թե ինչ է Հայոց պատմությունը։ Եվ եթե այսպես շարունակվի, հայոց պատմությունը պետք է ողբերգականորեն կրկնվի։ Իրենք ոչ թե ինքնիշխանություն են բերում, այլ մեր պատմության ողբերգական կրկնությունը։ Սա մեր ժողովուրդը պետք է բացառի։ Ես չէ, որ պետք է ասեմ, որ նման մարդկանց ներկայությունը այստեղ ծաղրանք է մեր ժողովրդին ու արժանապատվությանը։ Այն, ինչ իրենք ասում են ամենօրյա ռեժիմով որպես ՀՀ գործող պաշտոնյաներ, ուղղակի թքած ունեն Սարդարապատի, մեր հերոսների ու զինվորների վրա, ովքեր կերտեցին այս տոնը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ նման ղեկավարների կարիք չունի Հայաստանը՝ ոչ իրական, ոչ պատմական եւ ոչ էլ ապագա Հայաստանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ