Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր, երբ Հայաստանը կրկին կանգնած է բարդ մարտահրավերների առջև՝ արտաքին ճնշումներից մինչև ներքին բարեփոխումների անհրաժեշտություն, մենք պետք է ոգեշնչվենք մեր նախնիների քաջությամբ. ԱԺԲ

Մայիս 28,2025 12:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության օրվա առթիվ Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ, Այսօր՝ մայիսի 28-ին, մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրը՝ մեր ժողովրդի պատմության խորհրդանշական և հերոսական էջերից մեկը։ 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, մեր ժողովուրդը հռչակեց իր անկախությունը՝ վերականգնելով պետականությունը դարավոր փորձություններից հետո։

Այս օրը մարմնավորում է հայ ժողովրդի անկոտրում ոգին, մեր լեզվի, մշակույթի և ազգային ինքնության պահպանման անսասան վճռականությունը։ Սակայն Առաջին Հանրապետության կարճատև գոյությունը խաթարվեց Ռուսաստանի և Թուրքիայի կողմից կազմակերպված հարձակումներով, որոնք 1920 թվականին հանգեցրին մեր պետականության կորստին։ Այդ ծանր օրերը մեզ հիշեցնում են անկախության փխրուն բնույթի և այն պաշտպանելու համար անհրաժեշտ զոհողությունների մասին։ Այսօր, երբ Հայաստանը կրկին կանգնած է բարդ մարտահրավերների առջև՝ արտաքին ճնշումներից մինչև ներքին բարեփոխումների անհրաժեշտություն, մենք պետք է ոգեշնչվենք մեր նախնիների քաջությամբ։

Ադրբեջանի գիշատիչ և Հայաստանի կոլաբորացիոն կառավարությունների համագործակցությամբ հայաթափված Արցախի ծանրագույն հետևանքները, մեր հայրենակիցների վիշտը, տնտեսական դժվարությունները և շարունակական ռուս-թուրքական ագրեսիան փորձություններ են, որոնք պահանջում են մեզնից միասնական ուժ ու հաստատակամություն։

Ազգային-ժողովրդավարական բևեռը վերահաստատում է իր նվիրվածությունը Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարական արժեքների պաշտպանությանը։

Մենք խորապես հավատում ենք, որ մեր ժողովրդի ուժը կայանում է մեր հավատքի, մեր արժեքների, մեր լեզվի, մեր կենդանի ստեղծագործականության մեջ, և դրանցով ենք կառուցելու մեր իրական անկախության շենքը։

Այսօրվա ծանրագույն ճգնաժամի հաղթահարման անհետաձգելի օրակարգը շարունակում է մնալ՝

1) Հայաստանում սահմանադրականության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի ներքաղաքական կյանքի առողջացման նպատակով տարբեր քաղաքական հոսանքների միջև երկխոսության մթնոլորտի ստեղծումը

2) վերկուսակցական ձևաչափով ժողովրդի համախմբումը, աղետաբեր չարիք դարձած Նիկոլ Փաշինյանի հեռացումը և հակաճգնաժամային անցումային կառավարության կազմավորումը

3) հակաճգնաժամային անցումային ծրագրի իրականացումը` չեզոքացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճահարույց հարցերը թելադրանքով լուծելու հետ կապված Ադրբեջանից բխող ուժի կիրառման սպառնալիքը՝ ներառյալ միջպետական սահմանազատումը և սահմանանշումը, միջպետական հաղորդակցությունների բացումը, Անկախության հռչակագրից հրաժարումը և Հայաստանի սահմանադրական փոփոխությունները։

Այս դժվարին ժամանակներում մենք կոչ ենք անում բոլոր հայերին միավորվել հանուն մեր հայրենիքի ապագայի։

Մենք պարտավոր ենք կառուցել մի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իր ներդրումը մեր ընդհանուր տան կայունության և բարգավաճման գործում։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի Առաջին Հանրապետության միջազգայնորեն ճանաչված մաս հանդիսացող Արցախ վերադարձի հնարավորությունները առջևում են։

Թող մայիսի 28-ը լինի ոչ միայն տոն, այլև հիշեցում մեր ժողովրդի աննկուն կամքի և պայքարի մասին։ Ի հիշատակ Առաջին Հանրապետության հերոսների, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն մեր ազատության, մենք պարտավոր ենք պահպանել նրանց ժառանգությունը և կերտել ամուր, ազատ և ժողովրդավար Հայաստան։

Շնորհավորում ենք ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 107-րդ տարեդարձի առթիվ։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
28 մայիսի, 2025 թ., Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031