Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ: Ավելի վաղ նրան շնորհավորել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորական ուղերձում նշվում է, որ Վաշինգթոնը շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության ջանքերին։
«Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ ձեզ և Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման ջանքերին, որոնք կարևոր են Հարավային Կովկասի բարգավաճման համար, և մենք նշում ենք այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։
Կարդացեք նաև
Մենք նաև ճանաչում ենք Ադրբեջանի աճող կարևորությունը որպես էներգամատակարար և տրանսպորտային հանգույց։
Վերջին 33 տարիների ընթացքում կառուցված մեր գործընկերությունը շարունակում է առաջ մղել անվտանգության, էներգետիկ համագործակցության և տնտեսական աճի ընդհանուր շահերը։
Միացյալ Նահանգները շարունակում է նվիրված լինել Ադրբեջանում հիմնարար ազատություններին, այդ թվում՝ մամուլի ազատությանը աջակցելուն՝ Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան։
Անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության խորացմանը և համատեղ աշխատանքին՝ միտված Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, բարգավաճ ապագա ապահովելուն», – նշվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Մարկո Ռուբիոն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգ կա։
«Մեր հիմնական խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումն է։ Այնտեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել», – ասել էր նա և հավելել, որ ԱՄՆ-ն զբաղվում է նաև Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: