Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Մի քանի խոսք Ադրբեջանում մայիսի 28-ի մասին։
Ինչպես Հայաստանում, Ադրբեջանում ևս մայիսի 28-ը նշվում է որպես անկախության օր։ Այդ օրն է ստորագրվել նաև Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության (ԱԺՀ) հիմնադրման հռչակագիրը։
Բայց Ադրբեջանում ԱԺՀ հիմնադիրների և հատկապես Ռասուլզադեի հանդեպ կա ոչ միանշանակ վերաբերմունք իշխանությունների և ընդդիմության շրջանում, և, ըստ այդմ, օրն էլ նշվում է բավականին տարբեր ձևերով նշված ուժերի կողմից։
Կարդացեք նաև
Իլհամ Ալիևն անձնապես բացասական վերաբերմունք ունի Ռասուլզադեի նկատմամբ, և չի սիրում դրական երանգներով հիշել նրա անունը։
Իլհամ Ալիևը, ի դեմս Ռասուլզադեի, տեսնում է հոր՝ Հեյդար Ալիևի փառքը և «ազգի հոր» կերպարը վիճարկողի, և պատահաբար չէր, որ 2022թ. դեկտեմբերի 24-ին, խախտելով բոլոր պայմանականությունները, ԱԺՀ հիմնադիրներին անվանեց դավաճան և հանցագործ։ Բնականաբար, առաջին հերթին նկատի ուներ հենց Ռասուլզադեին։
Իլհամ Ալիևի այս վերաբերմունքը արտահայտվում է նաև տոնին հանդիսավորություն չհաղորդելու նրա քաղաքականության մեջ։ Միջոցառումներ շատ հազվադեպ են լինում անգամ դպրոցներում, իսկ ինքն էլ բավարարվում է միայն կարճ շնորհավորանքի տեքստով կամ X-ում Ադրբեջանի դրոշը հրապարակելով։
Էականորեն տարբերվում է այս հարցում դասական ընդդիմության, մասնավորապես ԱՃԺԿ-ի և Մուսավաթի մոտեցումը, որոնք իրենց հետևորդների շրջանում ձևավորել են Ռասուլզադեի պաշտամունք։
Ամեն տարի մայիսի 28-ին այդ երկու կուսակցությունները երբեմն առանձին խմբերով, երբեմն նաև միասին մեծ երթով գնում են Նովխանի գյուղ, որտեղ կանգնեցված է Ռասուլզադեի արձանը, և կուսակցությունների առաջնորդները ելույթներ են ունենում նրա արձանի առաջ։
Այդ ելույթներում միշտ լինում են հատվածներ, որոնցում գործող իշխանությունները նախ թիրախավորվում են որպես Ռասուլզադեի գաղափարների և արժեհամակարգի թշնամիներ, ապա նաև դրվում են բոլշևիկների հետ նույն հարթության վրա։
Տեսահոլովակում ԱԺՃԿ անցած տարվա երթն է՝ Ալի Քյարիմլիի առաջնորդությամբ։