Մայիսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Բաքվում կայացած «Իսլամաֆոբիա. նախապաշարմունքների բացահայտում և խարանների ոչնչացում» թեմայով միջազգային գիտական համաժողովին, նշելով որ իսլամի դեմ ատելությունն ու թշնամանքը, մուսուլմանների նկատմամբ անհանդուրժողականությունը համակարգված բնույթ են ստանում համաշխարհային մակարդակում։ Նա նաև հավելել է, որ «օկուպացիայի» (իրականում Արցախի Հանրապետության անկախության, հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակաշրջանում) ընթացքում ոչնչացվել են պատմամշակութային հուշարձաններ, իսկ իսլամաֆոբիան դարձել է պետական քաղաքականություն։
Տարակուսելի է, որ Ադրբեջանի նախագահը, որտեղ քրիստոնեության դեմ պայքարը պետական առաջնահերթություն է, իսկ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումն ու յուրացումը, քրիստոնյաների կրոնական ազատության և մշակույթի իրավունքի ոտնահարումը պետական հստակ քաղաքականություն, խոսում է կրոնական հանդուրժողականության մասին։
Կրոնական խտրականության մասին է խոսում մի պետություն, որը հենց ինքն է ոչնչացրել Շուշիի Կանաչ ժամը, հրթիռակոծել և ապա խեղաթյուրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, ավերել Մոխրենեսի Սուրբ Սարգիս, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին, Տանձատափի, Մարիամաձորի Սուրբ Մինաս, Բերձորի Սուրբ Համբարձում և այլ եկեղեցիները։
Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդին է մեղադրում կրոնական անհանդուրժողականության մեջ, երբ հենց Ադրբեջանն է հայկական Շուշին հռչակում իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք՝ ժխտելով հայ ժողովրդի բազմադարյա ներկայությունը քաղաքում, այնտեղ է կազմակերպում իսլամական համաժողովներ։ Ավելին, հայկական քրիստոնեական պատմամշակութային արժեքներով հարուստ տարածքներում, որտեղ երբևէ չի եղել իսլամական բնակչություն ու չեն եղել մզկիթներ, պատերազմից հետո մզկիթների կառուցումը ներկայացնում է իբրև իսլամ դավանողների իրավունքների վերականգնում, այնինչ դա տարածքի ինքնության ոչնչացում է, հայերի բազմադարյա գոյության ժխտում։
Կարդացեք նաև
Կրոնական ինքնությունների դեմ թշնամանքի մասին է խոսում մի պետություն, որտեղ քրիստոնյա փոքրամասնություն համարվող աղվանա-ուդիական համայնքը (2000-3000) «քաղաքական գործիք» է դարձել Ադրբեջանի ձեռքում, որը 2020 թվականի պատերազմից ի վեր պետական բարձր մակարդակում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմական տարածքներում իրականացնելով հիշյալ կրոնական համայնքի անդամների այցեր՝ պղծել, անարգել է հայկական եկեղեցիների պատմությունը, Սուրբ Խորաններն ու վերջում դրանք հայտարարել աղվանական։
ՈՒ դեռ ավելին, Ադրբեջանի որդեգրած քաղաքականության շրջանակներում, համաձայն որի պատմության ասպարեզից հեռացած քրիստոնյա աղվանները հռչակվել են ադրբեջանցիների «նախնիներ», իսկ հայկական եկեղեցիները՝ որպես այդ ենթադրյալ նախնիների թողած ժառանգություն, Իլհամ Ալիևը, հենց ինքն է ուդիական կրոնական համայնքի առաջնորդ Ռոբերտ Մոբիլիի հետ այցելություններ կազմակերպել քրիստոնեական Դադիվանք, Գանձասար, Ամարաս, Հադրութի Սուրբ Խաչ վանք, Ծակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ՝ հայկականության հետ կապի ժխտումը, քրիստոնեական ավանդույթների պղծումը դարձնելով աղվանա-ուդիական կրոնական ծեսերի հիմնական բաղադրիչ։
Անտեսելով այս ամենը, վերոհիշյալ համաժողովին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ողբերգություն է համարել մզկիթների և պաշտամունքի վայրերի ոչնչացումը հայերի կողմից։
Բայց կարևոր է նշել, որ Արցախում մահմեդական հուշարձանների ոչնչացումը երբևէ չի եղել պետական քաղաքականություն, բացի այդ հանրապետության տարածքում պահպանվել, պետական և մասնավոր միջոցներով վերանորոգվել ու ամրակայվել են մի շարք մզկիթներ (Փանահ խանի ամրոցը և մզկիթի շենքը Շահբուլաղում, Սաաթլի մզկիթի շենքը Շուշիում, Շուշիի Վերին մզկիթը, Խաչենի մզկիթը, Վանոցայի մզկիթը, Ղարղաբազարի իջևանատունը իր մզկիթով)։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության տարածումը, անհանդուրժողականության սերմանումը, քրիստոնյաների կրոնական ազատության ոտնահարումը։
Մենք կոչ ենք անում միջազգային կառույցներին դատապարտել Ադրբեջանի հռետորաբանությունը, հայ ժողովրդի պատմական տարածքների յուրացման նպատակով տարածքի իսլամացման, հայերի հազարամյակների ներկայության ապացույցների ոչնչացումն ու քրիստոնեական արժեքները՝ այլ հանրույթներին վերագրելու վտանգավոր քաղաքականությունը և հարգել հայ ժողովրդի կրոնական ազատության հիմնարար իրավունքը։
ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն