Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ միջազգային կառույցները փլուզվում են, կարող է լինել ամեն ինչ, ինչ չենք էլ կարող երեւակայել. Ստեփան Դանիելյան

Մայիս 28,2025 15:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Առաջին Հանրապետության անկախությունը շատ դժվար պայմաններում է ստեղծվել եւ այսօր, ցավոք սրտի, մենք նորից նման դժվար պայմաններում ենք հայտնվել: Թվում էր, թե 90-ականներից հետո, երբ հաղթանակ տոնեցինք, արդեն այդ իրավիճակներում չենք հայտնվի, սակայն, ցավոք սրտի այսօր պահանջ կա իմաստավորել այդ ժամանակաշրջանը՝ Առաջին Հանրապետության անկախության ժամանակաշրջանը, ինչը մեզ կօգնի նաեւ իմաստավորել այսօրը»,- «Մայր Հայաստան» շարժման՝ Հանրապետության տոնի առիթով կազմակերպած «1–ին Հանրապետության դասերը» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը նախ շնորհավորեց Մայիսի 28-ի փառահեղ տոնի առիթով, ապա խոսքը սկսեց մեկ-երկու ժամանակագրական եւ փաստական տեղեկություններով: Նրա խոսքով, տարբեր ճակատամարտերը, դիմադրությունը, թուրքերին ոչ ասելու հանգամանքը պայմանավորեցին Առաջին Հանրապետության հռչակումը: Պատմաբանը այս համատեքստում կարեւորեց ՀՅԴ-ի, Դրաստամատ Կանայանի դերակատարությունը, նաեւ փաստեց, որ Սիլիկյանը, Փիրումյանը եւ մյուս գեներալները եւս կարողացան կազմակերպել հայ ժողովրդի զինված դիմադրությունը հատկապես Սարդարապատում, ինչը Դրոն արեց Բաշ-Ապարանում:

«Այս երկու հիմնական ճակատամարտերի եւ դրան գումարած Ղարաքլիսիայի հերոսամարտի ու նաեւ այլ փոքրիկ, բայց արժեքավոր ճակատամարտերի՝ Ջավախքում, Շիրակում, Արարատյան դաշտավայրում, թիկունքում՝ աշխատանքների եւ հայ ժողովրդի միասնական ուժերի ու կամքի արդյունքում հնարավոր եղավ կասեցնել թուրքերի առաջխաղացումը եւ հայ ժողովրդի վերջնական բնաջնջումը»,- նշեց Խաչատուր Ստեփանյանը:

«Այն, ինչ կատարվում է ներկայիս աշխարհում, շատերը համեմատում են այն ամենի հետ, ինչը կատարվել է Առաջին համաշխարհային պատերազմից առաջ: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ հզոր երկրները եկել էին այնպիսի հակասության, ինչը բերեց մեծ պատերազմի, եւ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցան ցեղասպանություններ, էթնիկ զտումներ, նաեւ Հայոց Ցեղասպանությունը:

Այսօր մենք տեսնում ենք, որ նորից նման իրադարձություններ են կատարվում. Արցախում էթնիկ զտումներ տեղի ունեցան ամբողջ աշխարհի առաջ եւ բոլորը լռում ու ընդունում էին, ԵՄ-ի նման հումանիտար, մարդու իրավունքները պաշտպանող կառույցի ղեկավարները գալիս էին Բաքու եւ ողջունում էին…Մենք տեսնում ենք, թե Գազայում ինչպիսի ցեղասպանություն է կատարվում, տեսանք ալավիների ցեղասպանությունը Սիրիայում եւ այն, թե Սիրայի ռեժիմի հանդեպ ինչպիսի վերաբերմունք կա: Բոլորը պաշտոնապես ընդունում են, պատժամիջոցները հանում են:

Այսինքն, մի իրավիճակում ենք, երբ միջազգային կառույցները փլուզվում են, իսկ երբ միջազգային կառույցները փլուզվում են, եւ կանոններ չկան, կարող է լինել ամեն ինչ, ինչ չենք էլ կարող երեւակայել:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ինչ շահեր ունեին հզոր երկրները, ինչ խնդիրներ էին լուծում, ինչ վերաբերմունք ունեին նորաստեղծ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա ղեկավարներն ինչպե՞ս էին մտածում, ի՞նչ քաղաքականություն էին փորձում վարել: Շատ կարեւոր է դա իմաստավորել, որովհետեւ դա ոչ միայն պատմական նշանակություն ունի, այլ մեզ կօգնի այսօրվա իրավիճակում կողմնորոշվել, որովհետեւ ընդհանուր գծերով կատարվում է նույն բանը»,- ասաց Ստեփան Դանիելյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031