Իրականում տեսել ենք ՝ Թուրքիայի հետ հարաբերություններն ինչպես են կարգավորվում: Իրական կարգավորում արել են մեր նախնիները, կարգավորել են Սարդարապատով, ուրիշ ձեւ չկա: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Այն ժամանակ էլ թուրքերին ընդունելու, եղբայրություն քարոզողներ եղել են Երեւանի փողոցներում Սարդարապատի օրերին, բայց լավ է, որ ժողովուրդը դրանց հետեւից չի գնացել, այլ գնացել է նրանց հետեւից, որոնք ասել են՝ մեր ինքնությունը պահելու համար մեր կյանքի գնով էլ դա անենք: Այո՛, կյանքի գնով, երբ պատրաստ ես ինչ-որ բան անել, դու դրան հասնում ես: Եվ հասել ենք դրան, հաղթել ենք ու այդ հաղթանակի արդյունքը եղել է Հայաստանը: Հայաստանն իրենք են գտել, պետականությունը իրենք են գտել: 107 տարի առաջ այս մարտերը մղող մեր քաջորդիները»,- առաջին հանրապետության օրվա առիթով իր դիտարկումները ներկայացրեց Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918 թվականի հենց այս օրը վերականգնվեց հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց մտադրությունը:
Իշխանականները հասկանո՞ւմ են օրվա խորհուրդը հարցին, պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Աստված տա, որ հասկանան: Կարեւորությունը հասկանալ՝ նշանակում է իսկապես ընկալել, թե ինչ է կատարվել 107 տարի առաջ: Հաղթանակի բանաձեւն է, ով որ իր արժեքը գիտի, որ եթե դա զիջեց, անիմաստ է հետագա քո կյանքը, մարդն ամեն ինչ անում է, որ այդ զիջումը չանի ու ինքնությունը պահի: Եթե երեսպաշտորեն ասում են՝ կարեւոր է, բայց խոսքով մի բան են ասում, գործով՝ ուրիշ բան, ու կտոր-կտոր մեր հայրենիքը այդ զիջողաբանության տրամաբանությամբ անընդհատ կորսվում է, այդ մարդիկ ինչ իրավունք ունեն խոսել հպարտությունից, մեր պետականությունից, հայկականությունից»:
Կարդացեք նաև
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձը, թե երբեք այսքան անկախ ու ինքնիշխան չենք եղել, պարոն Ռուստամյանը նկատեց. «Եթե լսենք իրեն, մինչեւ իրեն հայ ժողովուրդը սխալ է ապրել: Իր օրոք է, որ պայծառ ժամանակներ ենք ունենում, բայց տեսանք՝ իր օրոք ինչ է կատարվել: Ինչ ունեինք մինչեւ 2018-ը, ինչ ունենք հիմա: Սա է Նիկոլ Փաշինյանի պատմական արդյունքը, եթե մնա, ավելի մեծ կորուստներ ենք ունենալու»:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ որտեղի՞ց իշխանականներին այդ հուսադրող հավաստիացումները, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խնդիրները կլուծվեն, հինգ րոպե հետո կսկսենք առեւտուր անել Բաքվի հետ եւ այլն, ի պատասխան Ռուստամյանն ասաց. «Այս իշխանությունները ժողովրդի համար սահմանում են նպատակ՝ որտեղ հաց, այնտեղ կաց տրամաբանությամբ: Առեւտուր անենք, կուշտ լինենք: Մենք հեռանանք մեզ համախմբող նպատակներից: Այսինքն՝ հայ ժողովուրդը համախմբվի նրա համար, որ կուշտ լինի: Սրանց պատկերացումն այդ է՝ ունենալ սպառողական հասարակություն, որի նպատակը միայն ստամոքսը լցնելն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ