Մայիսի 28-ը ապացուցեց, որ երբ կա ազգանվեր առաջնորդություն, կա կամք, վճռականություն, հնարավոր է հաղթել գերակշռող թշնամուն, ստեղծել պետականություն ու պահել, պահպանել: Մայիսի 28-ը սովորեցնում է, որ չպետք է տեղիք տալ թուլամորթներին, թշնամու հրահանգներին, կառչած մնալ հայկական հողին ու պաշտպանել եւ այդ դեպքում հաղթանակը երաշխավորված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում առաջին հանրապետության օրվա առիթով ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով Սարդարապատում Փաշինյանի հայտարարությանը, թե մենք այսօր ավելի ինքնիշխան ենք, ավելի պետություն ենք, քան երբեւէ ու հայ ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք այլեւս չունի, Սաղաթելյանը այդ ձեւակերպումները բնորոշեց՝ «Անհայրենիք, անսրբություն անձի ձեւակերպումներ». «Իր իշխանության տարիներին ՀՀ ինքնիշխանության մակարդակը իջել է պլենդուզի աստիճան, իր իշխանության տարիներին ՀՀ տարածքային ամբողջականությունը խաթարվեց: Թշնամին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում, ինքը պետությունից, պետականությունից, հայրենիքից խոսելու իրավունք չունի: Ինքը դրա թշնամին է : Նիկոլ Փաշինյանն իր` «Իրական Հայաստան» կոնցեպտով փորձում է արդարացնել այն բոլոր զիջումները, որոնք արվել են թշնամուն: Կեղծ խաղաղության օրակարգով փորձում է մեր հասարակությանը կերակրել ու դրանով փորձում է նորից մեկ անգամ եւս վերարտադրվել»:
Սաղաթելյանը նաեւ նկատեց, որ այս իշխանությունների պաշտոնավարումը շարունակելու դեպքում չի բացառվում, որ մեր բոլոր ազգային տոները այլեւս չնշվեն, այդ թվում՝ մայիսի 28-ը: Ըստ նրա՝ ինչպես չնշեցին սեպտեմբերի 2-ը՝ Արցախի անկախության օրը, եւ ինչպես պետական մակարդակով չնշվեց ապրիլի 24-ը. «Որովհետեւ իրենք թրքահպատակ իշխանություն են եւ ամեն ինչ անում են մեր ազգային ինքնությունից հեռանալու համար»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ