– Մայիսի 28-ի ծնունդն ու հնարավորությունը, հերոսականությունը բոլորիս եւս մեկ անգամ հուշում ու պարտադրում է, որ 600 ամյա պետականության բացակայությունից հետո, ցեղասպանությունից երեք տարի հետո հայ ժողովուրդն իր մեջ գտավ ուժ ու աներեւակայելի կամք ու հերոսականություն սեփական իղձի հետեւից գնալու: Կամք՝ վերակերտելու հայոց պետականությունը, վերակերտելու արժանապատվությունը եւ համաշխարհային քաղաքակրթական ընթացքում ամրագրել իր տեղը,- այսօր առաջին հանրապետության օրվա առիթով լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Անդրադառնալով Սարդարապատում Նիկոլ Փաշինյանի հայտնած հավաստիացումներին, թե հիմա ավելի քան ինքնիշխան պետություն ենք ու հայրենիք փնտրելու կարիք հայ ժողովուրդն այլեւս չունի, պատգամավորը շարունակեց. «Իսկ այն, ինչ հնչեցրել է մեկը, որը մեր աղետների, ազգային ողբերգության, հայոց պետականության գլխին կախված հարցականի գեներատորն է, ոչ միայն զավեշտալի է, այլեւ տրագիկոմիկ արտահայտություններից է: Այս օրերին ավելի քան անկախ համարել Հայաստանը, մի քաղաքական ուժի առաջնորդ, որի հետագծում մեր 5000 զավակների արյունն է, Արցախի ցեղասպանությունը, արցախահայության էդ մնացորդացի անղեկությունն ու անտերությունը եւ հանկարծ ունենալ այդ «քաջությունը» ու ասել, որ ավելի քան անկախ ենք… Կարծես թե իր ու իր թիմի ամբողջական երջանիկ լինելու համար պակասում էր Արցախի ցեղասպանությունը, սա քաղաքական ցինիզմ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ