Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնիշխանության կորուստների մեջ ձեր խեղճացած, նվաստացած վիճակով դո՞ւք եք ինքնիշխանությունը բերելու». Գառնիկ Դանիելյան

Մայիս 28,2025 16:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր «Հայելի» ակումբում մայիսի 28-ի կապակցությամբ հայ ժողովրդին շնորհավորելուց հետո նշեց. «100-ամյակներ պետականություն չունենալով՝ մեր հիմնադիր հայրերը կարողացել են ցեղասպանությունից, ավերներից հետո դժվարագույն պայմաններում հերոսական մարտերով կերտել պետություն, պետականություն, որը կարճ, բայց բավականին բովանդակալից կյանք է ունեցել: Դրա շնորհիվ էլ ունեցել ենք Երկրորդ, հետո՝ Երրորդ Հանրապետություն: Ցանկանանք, որ հաղթանակները շարունակվեն»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղերձին եւ հայտարարություններին, թե մենք այսօր խաղաղություն եւ ինքնիշխանություն ենք գտել, Գառնիկ Դանիելյանն ասաց. «Ես չգիտեմ, թե որտեղ, ինչ են գտել: Մինչեւ այսօր էլ մեր վրա շարունակում են կրակել, թշնամին նույնն է մնացել, չի փոխվել, որեւէ խաղաղություն չկա: Եվ ինքնիշխանությունից խոսում է մի անձնավորություն, որը զիջել է ամեն ինչ, ինչ ունենք, ինչ հնարավոր է՝ Անկախության հռչակագիր, Սահմանադրություն, ինքնություն: Ինչ ասես զիջել է ու զիջելու տեղ էլ չի թողել:

Մի շաբաթ առաջ էլ Էրդողանի ու Ալիեւի հետ քննարկում էր զինանշանի հարցը: Դու ի՞նչ ինքնիշխանությունից ես խոսում, դու ո՞վ ես, ի՞նչ կապ ունես ինքնիշխանության հետ: Ի՞նչ գործ ունեք Սարդարապատի հուշահամալիրում: Գնացել եք՝ ի՞նչ անեք: Դու ամեն անգամ քո նվաստացած վիճակում մեր ինքնիշխանությունից կորուստներ ես հանում: Պայմանավորվել ես, որ Հայաստանի Հանրապետությունում այլ երկրի զինված ուժեր չլինեն, ՀՀ-ն պետք է սահմանափակ քանակությամբ զինուժ ունենա, որ հիմա էլ օրենք եք բերում, որը դրա սկիզբն է: Բազմաթիվ անգամներ խոսել ենք այս մասին, որ սա Ալիեւի պահանջն է, հայկական բանակը կազմաքանդելու, կազմալուծելու պահանջն է: Եվ այս ամբողջ շղթայի, ինքնիշխանության կորուստների մեջ ձեր խեղճացած, նվաստացած վիճակով դո՞ւք եք ինքնիշխանությունը բերելու: Ինքնիշխանությունից ոչ մի նշույլ չի մնացել:

Ասել եմ ու հիմա կրկնեմ. մի քանի օր առաջ «Երեւանյան հեռանկարներում» այս մարդը ինչ-որ հեռանկարներ էր բացում: Այս մարդը A4 ֆորմատի թղթի վրա մի քանի սլաք է դրել, թե հեսա ճանապարհները կբացվեն, Ադրբեջանի, թուրքերի հետ առեւտուր կանենք. Լափամանը կա, իրար հետ կուտենք, կխմենք ու քեֆ կանենք»:

Գառնիկ Դանիելյանի խոսքով, կառավարման ութ տարիներին կատարվածից հետո հիմա ուզում են առեւտուր անել թուրքերի հետ: «Կենտրոնի համալսարանները, պետական շենքերը թուրքերի վրա ծախեն, իրենք էլ իրար հետ բիզնես անեն, թուրքական, ադրբեջանական կապիտալը բերեն Հայաստան ու իրար հետ ուտեն, լափեն: Դա է սրանց ծրագիրը: Ուզում են ադրբեջանցիներին, որ անձնագրերը արդեն բաժանում են, բերել, Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում բնակեցնեն՝ դրանց պատասխանատուներն էլ արդեն կան, ֆուտբոլային թիմերն էլ կան… Երեւան քաղաքից սկսած՝ ուզում են ադրբեջանցիներին բնակեցնել: Սրանք այս ձեւ են պատկերացնում խաղաղությունը:

Գիշերն եմ խոսել, հիմա էլ ասում եմ: Որ ասում են՝ ճանապարհների ապաշրջափակում անենք: Հայաստանի բեռները մինչեւ հիմա շարունակում են մնալ Վրաստանում, չեն կարողանում անցնել Վրաստանի սահմանը: Մի պաշտոնյա չկա, որ կարողանա հեռախոսը վերցնել ու զանգել: Ասում են՝ ռազմավարական հզոր հարաբերություններ ունենք Վրաստանի հետ: Այ ողորմելիներ, հեռախոսը մի հատ վերցրեք, զանգեք ու ասեք. մեր բեռները ինչո՞ւ չեք թողնում գնան: Դա էլ է ծրագրի մի մաս: Դա նրա համար է, որ Արարատյան դաշտավայրում հողագործությամբ զբաղվող մարդ չլինի, ամբողջը թուրքական լինի: Սա պատահական չի, սա թուրքական ծրագիր է»,-եզրակացրեց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031