«Մենք հաղթանակի սերունդ ենք, տոնել ենք Եռատոնը մինչեւ 2018թ, բայց այս իշխանությունները Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հաղթանակներn այսօր փորձում են նսեմացնել, ինչը մենք թույլ չենք տա… Այն կոնտեքստում, ինչում խոսում է Նիկոլ Փաշինյանը, խոսում են նաեւ Իլհամ Ալիեւը եւ Էրդողանը: Սա է Նիկոլ Փաշինյանի իրականությունը»,-«Հայելի» ակումբում նշեց ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
«Իմ պապիկի հայրը՝ Երվանդ Դանիելյանը, իր եղբայր Տաճատ Հովակիմյանի հետ, ով Սարդարապատի ճակատամարտի հերոս է, ավելի քան 100 տարի առաջ հաղթահարել են բոլոր դժվարությունները եւ հաղթելով թուրքերին՝ նպաստել են, որպեսզի հայկական անկախությունը շարունակական լինի: Եվ այդ քայլերի տրամաբանության մեջ մենք՝ երիտասարդներս այդ գաղափարախոսության ժառանգներն ենք: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, Հայաստանի Հանրապետության հարատեւության, անկախության քայլերը պետք է շարունակեն հայ երիտասարդները, սակայն այդ երիտասարդներն այսօր մատնված են սպիտակ ցեղասպանության, նրանցից գողանում են ապագան, թալանում են նրանց հույսերը, գրպանները, հայկական երազանքները»,-ասաց ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավարը:
«Սրանք ասում են՝ եթե փող ունես, կարող ես փողով բանակից ազատվել, իսկ եթե չունես, պետք է գնաս ծառայես: Տեսեք, թե ինչ տարբերակումներ են այս մարդիկ դնում, որոնց համար ամենաբարձր արժեքն այս կյանքում փողն է, այն փողը, որը թալանել են ձեզանից, հարգելի հայրենակիցներ: Սրանք դասական թալանչիներ են, գողերի, բանդիտիզմի գաղափարախոսության ջատագովներ…Ես ուզում եմ Տիգրան Ավինյանին զգուշացնել, որ ինքը շատ հավանական է` մինչեւ 2026թ ընտրություններ հայտնվի կալանավայրում, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեղքը կբարդի նրա վրա՝ ասելով, որ Ավինյանն է թալանել ամեն բան, ԱՆԻՖ-ի խնդիրները միավորելով՝ կստանան մի մեծ գործ»,-ընդգծեց Հենրիխ Դանիելյանը;
Ապա փաստեց. «Պետության համար գույք առնող Արմեն Աշոտյանին այսօր կալանավորում են, իսկ տասնյակ մարդիկ, որոնք ջնջում են երիտասարդության ապագան, թալանում են բանակը, ծեր մարդկանց, թոշակառուներին ու երկիրը, այսօր առոք-փառոք ապրում են, մեր պետական պարտքն էլ հասցրել են 14 մլրդ դոլարի»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ