Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտահոգիչ է իրավապահների կողմից խուզարկության պրակտիկայի հաճախակի կիրառումը»․ ECRI զեկույց

Մայիս 28,2025 19:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եղիր համառ, եղիր խելացի, բարձր խոսիր, ազդեցություն գործիր»,- այս խոսքերով սկսեց մամուլի ասուլիսը Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) նախագահ Բերտիլ Կոտյեն՝ հիշեցնելով, որ այս պատգամները կոմիտեին հղել է ECRI առաջին նախագահը՝ անցյալ տարի Ստրասբուրգում, երբ նշվում էր կոմիտեի հիմնադրման 30-ամյակը։

Բերտիլ Կոտյեն փաստեց՝ ECRI-ն համակարգային և ինստիտուցիոնալ ձևով է նայում ռասիզմին, ոչ թե անհատական գործերով։ Նա ասաց՝ ECRI-ն մասնագիտացված և անկախ, կանխարգելիչ մոնիտորինգային մեխանիզմ է, որը փոխլրացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)։

Նշենք, որ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը հրապարակել է 2024-ի զեկույցը։

Այս զեկույցում առանձին անդրադարձ ՀՀ-ի հետ կապված չկա, իսկ 2023-ի զեկույցում անդրադարձ կար նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Իր խոսքում ընդգծելով այն, որ այս տարվա զեկույցը հիմնականում կենտրոնանում է իրավապահ մարմինների կողմից ռասսայական թիրախավորման կանխարգելմանը և դրա դեմ պայքարին, գնչու երեխաների կրթության ոլորտում մեկուսացման հաղթահարմանը, տրանսֆոբիայի դեմ պայքարին, տրանսգենդեր ու ինտերսեքս անձանց հավասար իրավունքների ու արժանապատվության ապահովմանը, Եվրոպայի տարածքում հավասարության ապահովման մարմինների հզորացմանը, միևնույն ժամանակ Բերտիլ Կոտյեն հիշեցրեց՝ նախորդ տարվա զեկույցում հիմնվել ենք հակամարտությունների ազդեցության վրա։

2024 թվականին ECRI-ն իրականացրել է տասներկու այց՝ մոնիտորինգի ներքո գտնվող երկրներ՝ Խորվաթիա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Լատվիա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Թուրքիա։ Զեկույցում մտահոգություն կա իրավապահ մարմինների պաշտոնյաների կողմից խուզարկության պրակտիկայի հաճախակի կիրառման հետ կապված՝ պայմանավորված ազգային կամ էթնիկ ծագմամբ, մաշկի գույնով, կրոնով կամ քաղաքացիությամբ, ինչը վկայում է պոտենցիալ ռասսայական խտրականության մասին: ECRI-ն հայտնաբերել է նման պրակտիկա տարբեր համատեքստերում՝ ներառյալ սահմանային հսկողությունը, ահաբեկչության կամ ծայրահեղականության դեմ գործողությունները կամ հատուկ աշխարհագրական տարածքներում իրավապահ մարմինների կողմից կիրառվող վերահսկողության միջոցները՝ առանց որևէ կոնկրետ անձի նկատմամբ որևէ կոնկրետ կասկածի:

Մամուլի ասուլիսի ժամանակ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) նախագահ Բերտիլ Կոտյեն ահազանգեց՝ ECRI-ն գտնվում է վճռորոշ փուլում․ «Մի կողմից երբեք նման տեղեկացվածության մակարդակ չի եղել ռասիզմի և անհանդուրժողականության վտանգների մասին, ինչն ուղղակիորեն վտանգում է եվրոպական ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, մյուս կողմից պարադոքսն այն է, որ գործողությունները ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության երբեք այսպիսի մարտահրավերների չեն հանդիպել»։ Այս համատեքստում Բերտիլ Կոտյեն մտահոգություն հայտնեց այն առումով, որ ԱՄՆ նոր վարչակազմի որոշմամբ՝ փետրվարից ԱՄՆ դիտորդները դուրս են եկել հանձնաժողովից։

Խոսելով խնդիրների մասին՝ ECRI նախագահն ասաց․ «Մենք տեսնում ենք մտահոգության մի քանի ոլորտներ, երբ խոսքը վերաբերում է Եվրոպայում ռասիզմին և անհանդուրժողականությանը հակազդելուն: Բայց մենք նաև հույսի նշաններ ենք տեսնում. կան ոլորտներ, որտեղ զգալի քաղաքական գործողություններ են իրականացվում: Ռասայական թիրախավորման պրակտիկաների առաջացումը կամ զարգացումը կանխելը կենսական նշանակություն ունի իրավապահ մարմինների նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու, պահպանելու կամ վերականգնելու համար: Գնչուների դպրոցների շարունակվող տարանջատմանն անդրադառնալը շատ կարևոր է գնչուների մեկ այլ սերնդի համար կառուցվածքային անհավասարությունների հավերժացումից խուսափելու համար: Տրանսգենդերների և ինտերսեքսների համար հավասար իրավունքների և արժանապատվության ապահովումը և տրանսֆոբ ատելության խոսքին հակազդելը էական նշանակություն ունեն իսկապես ներառական հասարակություն կառուցելու համար: Եվ, վերջապես, պետք է հետագա աշխատանք տարվի ազգային մակարդակով իրավահավասարության մարմինների անկախության և արդյունավետության ամրապնդման ուղղությամբ»:

Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է ապահովվում ECRI-ի անկախությունը, հանձնաժողովի նախագահն այսպես պատասխանեց․ «Ինչպես կարևոր է ՄԻԵԴ-ի անկախությունը, այդպիսի անկախ մարմին է նաև ECRI-ն։ Հատկապես այն համատեքստում, երբ շատ երկրներ մեզ քննադատում են, մեզ համար առավել կարևոր է անկախության համար պայքարը։ Հաճախ ՄԻԵԴ որոշումներում կարելի է տեսնել ECRI-ի աշխատանքին հղում»։

Մամուլի ասուլիսի ժամանակ Բերտիլ Կոտյեն՝ որպես մտահոգիչ մարտահրավերներ նշեց նաև հակասեմիտիզմի և հակամուսուլմանական ռասիզմի աճը Մերձավոր Արևելքի՝ ներկայիս հակամարտության հետևանքով ու ասաց․ «Ամբողջ Եվրոպայի տարածքով մենք տեսնում ենք հակամուսուլմական ռասիզմի աճ»։

Նշենք, որ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը մոնիտորինգային հսկողություն է իրականացնում երկրների նկատմամբ, ուսումնասիրում երկրներում իրավիճակը, ազգային իշխանություններին ներկայացնում առաջարկություններ։ Զեկույցների նախագծերն ուղարկվում են շահագրգիռ անդամ պետություններին՝ գաղտնի երկխոսության համար: Դրանց բովանդակությունը վերանայվում է ազգային իշխանությունների մեկնաբանությունների լույսի ներքո: Այնուհետև դրանք վերջնականապես ընդունվում և փոխանցվում են անդամ երկրների կառավարություններին՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի միջնորդությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031