Արտակ Զեյնալյանը դադարեցրել է Հանրապետություն կուսակցությանն անդամակցությունը, այս մասին Factor TV-ին հայտնեց կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը։ Ըստ նրա՝ Զեյնալյանը նախորդ շաբաթ է դադարեցրել իր անդամակցությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին որոշում է ստորագրել, որով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը»,- ասված է որոշման մեջ։
Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ սահմանադրական դատարանի դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Փորձեցինք նաև Արտակ Զեյնալյանից մեկնաբանություն ստանալ «Հանրապետություն» կուսակցությունում անդամակցությունը դադարեցնելու մասին, սակայն նա չխոսեց՝ նշելով, որ այսօր ոչ աշխատանքային օր է։