Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը ձևացնում է՝ իբր չի հասկանում այս տարբերությունները, այսինքն՝ գիտակցաբար կեղծում է իրողությունները. «ՉԻ»

Մայիս 29,2025 09:30

Շաբաթներ առաջ Ադրբեջանը Հայաստանի իշխանություններից պահանջեց հստակ պատասխանել, թե ե՞րբ «300 հազար ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Արևմտյան Ադրբեջան», ու պատասխանը չուշացավ․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե «երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում»։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց նաև, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները սկսելու են իրար հետ առևտուր անել, իսկ ադրբեջանցիներն էլ Հայաստանում ապրելու են այնպես, ինչպես հայերն են ապրում Վրաստանում։

Քիչ է պատահում, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա կարողանա ընդամենը մի ելույթի ընթացքում միաժամանակ բացահայտել և՛ իր մարդկային որակները, և՛ մտավոր ունակությունները (կամ դրանց բացակայությունը), և՛ բարոյական անկման խորությունը։ Ալեն Սիմոնյանին դա հաջողվեց, ուստի արժե հերթով ներկայացնել բոլոր «բացահայտումները»։

Վախկոտություն

Ալեն Սիմոնյանն ասում է, որ հայերը կարող են վերադառնալ Բաքու, իսկ ադրբեջանցիները՝ Հայաստանի այն գյուղերը, որտեղ ապրել են։ Ուշադրություն դարձրեք՝ հայերը Բաքվում ապրել են ընդամենը վերջին 150-200 տարիներին և այնտեղից բռնագաղթել են 35 տարի առաջ, մինչդեռ Արցախում ապրել են հազարամյակներ շարունակ ու ընդամենը երկուսուկես տարի առաջ էլ ապրում էին իրենց հայրենիքում։ Բայց Ալենը վախենում է Արցախի անունը տալ (Նիկոլը կպատժի), ու Արցախ վերադառնալու փոխարեն Բաքու վերադառնալու մասին է խոսում։

Ստախոսություն

Ի թիվս այլ պատճառների՝ հայերը Բաքու չեն կարող վերադառնալ նաև այն պատճառով, որ վերադառնալու տեղ պարզապես չունեն։ Հո չե՞ն կարող վերադառնալ, ասենք, Արմենիքենդ, ծեծել դռներն ու այնտեղ ապրողներին ասել «դուրս եկեք, սա 35 տարի առաջ իմ տունն է եղել»։ Իսկ ահա ադրբեջանցիները կարող են «վերադառնալ այն գյուղերը, որտեղ իրենք ապրել են Հայաստանի տարածքում», որովհետև, օրինակ՝ Սյունիքի մարզում, նախկին ադրբեջանաբնակ գյուղերից շատերն այսօր դատարկ կամ գրեթե դատարկ են։ Էլ չենք խոսում Ադրբեջանի պահանջած «անվտանգության միջազգային մեխանիզմների» մասին։ Բայց Ալեն Սիմոնյանը ձևացնում է՝ իբր չի հասկանում այս տարբերությունները, այսինքն՝ գիտակցաբար կեղծում է իրողությունները։

Բարոյական սնանկություն

Ասում է՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները սկսելու են իրար հետ առևտուր անել։ Այսինքն՝ նրա կարծիքով, հայերի «բարոյական կերպարն» այդպիսին է, ընդամենը 5 րոպե է պետք՝ հանուն մի քանի կոպեկանոց շահի հայրենիքի կորուստը, հազարավոր զոհերը, ամենօրյա նվաստացումներն ու այսօր էլ շարունակվող բարբարոսությունները մոռանալու համար։ Այո, այդպիսի մարդիկ է՛լ կգտնվեն, այդպիսիք հիմա էլ կան, առաջ էլ կային, որ, ասենք, Սադախլոյում ադրբեջանցիների հետ առևտուր էին անում, ու դա նորմալ է։ Ավելին՝ ակնհայտ է, որ խաղաղության դեպքում, գուցե տարիներ կամ տասնամյակներ անց, այդ շփումներն իսկապես ավելանալու են։ Բայց «5 րոպե հետո՞», այսպիսի ստորացված վիճակո՞ւմ, վերքերը դեռ չսպիացա՞ծ։

Մարկ Նշանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031