Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինագծով իշխանությունը հայտարարում է, որ բանակային ծառայությունը ՀՀ քաղաքացու համար ոչ թե սահմանադրական պարտք է, այլ պատիժ, որի դիմաց առաջարկվում է «փրկագին» մուծել. «Փաստ»

Մայիս 29,2025 10:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Զինվորական պարտադիր ժամկետային ծառայությունից փողով ազատվելու մասին օրենքի նախագիծն այս օրերին բազմատեսակ, հիմնականում՝ արդարացված ու տեղին քննադատական արձագանքների, գնահատականների առարկա դարձավ:

Գործնականում նման օրինագծի գաղափարաքաղաքական հիմնավորումները ոչ միայն խախուտ են, այլև, ըստ էության, բացահայտում են վերջին 7 տարվա «թավշյա» ձախավերության մասշտաբներն ու հետևանքները:

Ոչ պակաս ավերիչ ու տնաքանդիչ է այն մոտեցումը, որ նման օրինագծով փաշինյանական իշխանությունը գործնականում հայտարարում է, որ բանակային ծառայությունը ՀՀ քաղաքացու համար ոչ թե սահմանադրական պարտք է, այլ պատիժ, որի դիմաց այդ իշխանությունը առաջարկում է «փրկագին» մուծել:

Ինչ վերաբերում է կոնկրետ օրինագծի այլասերված տրամաբանությանն ու շրջանառության մեջ դրված առաջարկություններին՝ «փողով բանակից ազատվելու» վերաբերյալ, ապա արժե նկատել, որ այն, ամենից առաջ, խորացնելու է ներհասարակական պառակտվածությունն ու ներքին ատելությունը: Սա, մեծ հաշվով, ոչ թե օրինագիծ է, այլ ընդունվելու դեպքում դառնալու է ական՝ բանակի, ու ռումբ՝ հասարակության համար:

Զուտ սոցիալական տեսանկյունից՝ սա անխուսափելիորեն խորացնելու է սոցիալական բևեռացվածությունը: Դուք պատկերացնում եք, չէ՞, թե մարդիկ, ովքեր չեն ունեցել կամ չունեն 18-20 միլիոն դրամ, որպեսզի իրենց զավակին «ազատեն բանակից», ինչպես են վերաբերվելու այն հարուստներին, որոնք մուծվել ու ծառայությունից «թռել» են: Առավել ևս՝ ինչպես են բանակում լիարժեք ծառայողները վերաբերվելու «միամսյա» ծառայողներին, եթե հանկարծ չորոշվի առանձին «էլիտար» զորամաս տրամադրել նման «արտոնյալներին»:

Զինվորական առումով էլ է ներկայացված առաջարկությունն անհեթեթ: Ի՞նչ պետք է 1 կամ թեկուզ 4 ամսվա մեջ սովորի զորակոչիկը, ով հետո համարվելու է ծառայած: Պապայի փողերի հաշվին: Ի՞նչ զինվորական մասնագիտության է տիրապետելու. հրաձիգի՞, տանկի մեխանիկ-վարորդի՞, թնդանոթի նշանառուի՞, ԱԹՍ-ի օպերատորի՞…

Մեկ ամսվա մեջ հատկապես «փողով ազատվածները» երևի իրենց իսկ անկողինը հավաքել էլ չսովորեն…

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031