Հարցազրույց սյունեցի ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ։
– Բացատրելու եք՝ ոնց Արցախը կորցրիք։
– Կներեք, բայց բացատրություն չկա, Արցախը չենք կորցրել։ 2018-ին ես էլ էի հավատում, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, երբ որ արդեն սկսում ես ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունեցել, դու հասկանում ես, որ 2010 թվականին արդեն Արցախ չենք ունեցել, որովհետեւ մենք պետք է հանձնեինք հինգ տարածքները, հետո՝ երկուսը։ Ես իրոք, որպես պատմության ուսուցիչ, միշտ հավատում էի, որ Արցախը կլինի մեր պետության մաս, բայց հետո հարց էի տալիս՝ ինչո՞ւ, եթե 1994 թվականին մենք հաղթել ենք, ինչո՞ւ չենք կնքել հաշտության պայմանագիր, այլ զինադադար ենք կնքել, ես ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչո՞ւ։
– Չլուծված խնդիր կար, կարգավորման, կարգավիճակի համար բանակցություններ էին․․․
Կարդացեք նաև
– Լավ, էլի, տասը տարի, բա հետո՞․․․ երբեք կարգավիճակի մասին չի խոսվել, խոսվել է հանձնելու մասին։ Ես երբեք չեմ համարում ինձ Արցախը հանձնող, ես տասնամյակներ շարունակ համոզված էի, որ Արցախը հայկական է, մինչեւ որ չուսումնասիրեցի փաթեթը եւ տեսա, որ, ժողովուրդ ջան, մենք արդեն վաղուց հանձնել ենք դա։
– Փաստորեն, սխա՞լ եք արել, որ Ձեր սաներին Արցախը Հայաստան եք ներկայացրել։
– Փաստորեն, այն, ինչ ես ուսուցանել եմ, ստացվում է, որ սխալ եմ ուսուցանել։ Բայց Ձեզ ասեմ՝ իմ սաներն այնքան խելացի են, որ ես ասում եմ՝ գնացեք ուսումնասիրեք, ձեր՝ լրագրողների շնորհիվ, այս ամենը բաց է, կարող են ուսումնասիրել։ Բայց ես չեմ համարի, որ Արցախ եմ հանձնել, թող գնան ուսումնասիրեն, թե ով է հանձնել։
– Արցախը հայկական էր մինչեւ ձեր իշխանությունը, իր տեղում էր, ոչ մեկը չէր հանձնել։
– Այսի՞նքն, իր տեղում՝ ո՞նց, չգիտե՞ք ինչքան միլիարդ էինք տալիս, որ գոյատեւեր, ապրեր, արարեր։ Ես չեմ ասում՝ ինչու թողեցին եկան, բայց գոնե մի մասը պետք է պայքարեր Արցախի համար։
– Մենակ թողեցինք արցախցիներին․․․
– Ոչ, միայնակ չենք թողել, ինչքան զենք թողեցին այնտեղ, եկեք չմտնենք այս դաշտ, ես շատ մտերիմներ, հարազատներ ունեմ Արցախից, այնտեղ զոհված, հիշելու եմ ցավով։