Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունն օգտագործում է ադրբեջանական ագրեսիան՝ ցույց տալու, որ հայ ժողովուրդն այլ հնարավորություն չունի, քան ընդունել Ադրբեջանի բոլոր պայմանները»

Մայիս 29,2025 12:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած հերթական կրակոցներին։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկու ուշագրավ հայտարարություն է եղել։ «Առաջինը ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն է եղել Կոնգրեսում, ըստ էության՝ նա ասել է՝ անկախ այն հանգամանքից, որ գործընթաց է գնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սակայն լարվածությունը պահպանվում է։ Երկրորդը, դա երեկ ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունն էր, որը շատ ավելի կոնկրետացրեց եւ ասաց, որ Սյունիքի շուրջ կա լարված իրավիճակ։ Տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարող են արտաքուստ չերեւալ, որովհետեւ բանակցային գործընթացի կամ աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների զրույցներն ու քննարկումները կամ հատուկ ծառայությունների կողմից նրանց ներկայացվող տարբեր տեղեկանքները հանրայնացման ենթակա չեն լինում»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ կրակոցներն առավել վտանգավոր բնույթ ունեն հատկապես Սյունիքի մարզի երկու բնակավայրի ուղղությամբ՝ Խոզնավարի եւ Խնածախի։ Երեւի դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այդ բնակավայրերը բավականին մոտ են առաջնագծին եւ Ադրբեջանի համար բավական հեշտ թիրախ են դառնում։ «Եվ թեեւ իշխանությունը սկզբնական շրջանում չէր ուզում այդ մասին հրապարակումներ անել, բայց ստեղծված իրավիճակում պարզապես այլ տարբերակ չկար, քան դրա մասին որոշակի փափուկ հաղորդագրություններ տարածելը»,- ասաց նա։

Աբրահամյանի խոսքով՝ սրանք պատահական կրակոցներ չեն, այդ կրակոցները սկզբում լինում են անկանոն, հետո մարտական դիրքերի, հետո արդեն բնակավայրերի ուղղությամբ։ Ընդ որում, նշանառության տակ են վերցված կոնկրետ առանձնատներ։ «Սրան զուգահեռ Ադրբեջանը բավականին ագրեսիվ ձեւով խոսում է այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» մասին։ Ավելին, նրանք այնքան են փորձում սա լրջացնել, որ նույնիսկ վերջերս Թուրքիայում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը պարտավոր է այդ համայնքի հետ աշխատել՝ կոնկրետ ժամկետներ սահմանելով նրանց այսպես կոչված վերադարձի համար, նրանց իրավունքների պաշտպանության համար եւ այլն»,- հավելեց նա։

Տիգրան Աբրահամյանը նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանը արդեն լայն հարձակումներ է սկսել Մայր Աթոռի ուղղությամբ։ «Ադրբեջանն ակնհայտորեն երկու նպատակ է հետապնդում։ Առաջինը փորձում է օգտագործել այս հանգամանքը, որպեսզի բանակցային գործընթացում եթե ոչ այս, ապա իր համար առաջնային համարվող այլ թեմաներով ստանա զիջում Հայաստանից։ Երկրորդ, Ադրբեջանն արդեն տեսել է, որ իր ցանկությունները, որոնք ցանկություն էին 10-15 տարի առաջ, որոշակի փուլում արդեն դարձել են իրականություն։ Եվ Ադրբեջանը նաեւ ինստիտուցիոնալ առումով հիմք է դնում Հայաստանի դեմ այդ տարածքային հավակնությունները շատ ավելի ծանրակշիռ դիրքում դնելու համար»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե հայկական կողմն ինչպե՞ս պետք է արձագանքի սրան, ասաց․ «Արձագանքել Ադրբեջանին չպետք է հասկանալ միայն առաջնագծից կամ մարտական դիրքից ավտոմատով ու գնդացրով որեւէ հարված հասցնելը։ Սա իր մեջ ներառում է քաղաքական ու դիվանագիտական էլեմենտ, այստեղ կա նաեւ հսկայական քարոզչական էլեմենտ»։

Ադրբեջանի այս գործողությունները, Աբրահամյանի խոսքով, հայ հասարակության վրա հոգեբանական ներգործության նպատակ ունեն նաեւ։ Խոսքը միայն սահմանամերձ համայնքների բնակիչների մասին չէ, սա որոշակի ժամանակային հատվածում իր բացասական ազդեցությունն է ունենալու ողջ հայ հասարակության վրա։

«Սա մեր իշխանության ընդհանուր քաղաքական գծի մի մասն է կազմում, որովհետեւ իշխանությունը մեր քաղաքացիներին զիջումների օրակարգ պարտադրելով եւ դա միակ լուծում ներկայացնելով՝ փորձում է նաեւ օգտագործել ադրբեջանական ագրեսիվ գործողությունները՝ ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը պարզապես այլ հնարավորություն ու տարբերակ չունի, քան ընդունել ադրբեջանական բոլոր պայմանները եւ շարժվել ադրբեջանական օրակարգով։ Ըստ այդմ՝ Հայաստանի իշխանությունների որեւէ ակնկալիք չենք կարող ունենալ»,- ասաց պատգամավորը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031