«Երեխան ծնողի սեփականությունը չէ»,-կառավարության նիստում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս արձանագրումը նա արեց սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանի զեկույցից հետո։ Նարեկ Մկրտչյանը ներկայացնում էր երեխայի իրավունքների պաշտպանության մասին նախագիծը։ Դրանով, ի թիվս սոցիալական իրավունքների, սահմանվել են նաեւ երեխայի այլ իրավունքներին վերաբերող մոտեցումներ․ սահմանվել է նաեւ «բուլինգ» հասկացողությունը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանում ընկալում կա, որ զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, ընտանեկան արժեքները միայն Հայաստանում են․ «Ես նորություն ունեմ, սիրելի ժողովուրդ, բացարձակ այդպես չէ, այնքան այդպես չէ, որ նույնիսկ կարելի է զարմանալ»։
Նա հայտարարեց՝ պետք է ճշգրտենք մեր պատկերացումներն ավանդույթների ու նահապետականության մասին․ «Ենթադրենք, նահապետականությամբ մի տանիքի տակ 4-5 ընտանիք են ապրել, դա ոչ թե նրանից է, որ այդպես լավ է, այլ՝ աղքատության արտահայտություն է ու դա էլ ուզում ենք սրբագործել։ Հարգելիներս, որեւէ պարագայում հարմար չէ, որ երկու ընտանիք նույն տանն ապրի, հազար ու մի հարց կա, ուղղակի հարմար չէ ու դա դարձնել, որ սա մեր նահապետական արժեքն է, որ պապը, տատը, թոռը, չորս երեխեքը, իրենց կանայք ու ամուսինները պետք է նույն տանիքի տակ ապրեն… դա աղքատությունից է, ժողովուրդ ջան, տուն չեն ունեցել, ժամանակ է եղել, որ կովերն էլ են նույն տանիքի տակ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա է մեր ավանդույթը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ հիմա Հայաստանը զարգանում է եւ մարդկանց հնարավորությունները մեծ են․ «Կներեք, հասուն մարդը ինչո՞ւ պետք է ապրի իր ծնողի հետ։ Լավ, ուզում է ապրի, ընտրության հարց է, բայց ասել, որ սա ավանդույթ է, դա ավանդույթ չէ, ճիշտ բան չէ, մարդկանց պետք է ազատ թողնել իրենց ընտրության հարցում, ով ոնց ուզում է՝ թող ապրի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցի համատեքստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարեց, որ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը շատ մեծ է, այդ թվում՝ սեռական բռնությունը․ «Մենք պետք է կարողանանք ամբողջությամբ վերափոխել երեխայի նկատմամբ բռնությանն արձագանքելու, բռնությունը կանխարգելելու ու հետագայում այս գործերով քննություն իրականացնելու համակարգը»։
ՄԻՊ-ը հայտարարեց՝ իրենց մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման տեսանկյունից, խնդիրները երբեմն այն աստիճանի են, որ որոշ դեպքերում իրավասու մարմինների ներկայացուցիչները բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն ու չեն կարողանում արձագանքել խնդիրներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ