Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող է՝ խորան բարձրացած քահանայի կոշիկներն է տեսել կամ երազում է տեսել. Միքայել սրբազանի արձագանքը Փաշինյանին

Մայիս 29,2025 14:47

-Դրա դեմ մենք էլ ենք պայքարում, դրա դեմ պայքարելու համար եկեղեցուն կից կառույցներ են անհրաժեշտ: Եկեղեցական շենքից զատ կառույցներ, որ այն ամեն ինչը, որ չպետք է լինի եկեղեցում կամ այն ամեն ինչը, ինչ ինքը չի ուզում տեսնել եկեղեցում, լինի այնտեղ՝ կից կառույցում: Դա կլինի պահեստային թե տնտեսական սենյակ, երեցասենյակ կամ չգիտեմ ինչ, բայց ոչ պաշտամունքային կառույց, -Aravot.am-ի հետ զրույցում եկեղեցիներին տված Նիկոլ Փաշինյանի այսօրվա որակումներին անդրադառնալով՝ ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

Միքայել սրբազանի խոսքով, Փաշինյանը դեռ երկար կշարունակի եկեղեցիներում տեսնել այն ամենը, ինչը չի ցանկանում տեսնել, եթե միջոցներ չհայթայթի այդ ամեն ինչի դեմն առնելու համար. «Ինքը պետք է միջոցներ հայթայթի այդ ամեն ինչի համար»:

Մեր զրուցակիցը չմեկնաբանեց Փաշինյանի՝ «եկեղեցիները չուլանացված են» որակումը, միայն ասաց. «Ինքն իրեն գնահատականներ է տալիս, հիմա ի՞նչ անենք: Այ քեզ բան: Թող ինքն իր համար խոսի, ես իր որակումներին պետք է պատասխանե՞մ, ինձ ի՞նչ հետաքրքիր են իր ասածները: Չգիտեմ՝ ինչ է տեսել, կարող է՝ երազում է տեսել: Կարող է՝ քահանան խորան բարձրանալիս՝ կոշիկները հանել է, խորան է բարձրացել, այդ կոշիկներն է տեսել: Ի՞նչ իմանամ՝ ինչ է տեսել… իր ի՞նչ գործն է՝ մենք ինչ ենք անում: Եկեղեցին պետությունից բաժանված չէ՞, բաժանված է, չէ՞:

Կամ ի՞նչ մահճակալի մասին է խոսում, մահճակալն ի՞նչ գործ ունի եկեղեցում: Մահճակալ կարող է լինել այն եկեղեցիներում, որոնք վերակառուցման կամ վերանորոգման մեջ են, կամ հենց իրենց պատմամշակութային կոմիտեի ենթակայության տակ են: Եկեղեցուն պատկանող եկեղեցիներում նման բան չի կարող լինել, իր հավակնությունը թող ներկայացնի մշակույթի նախարարությանը, ոչ թե մեզ: Ի՞նչ մահճակալ, ի՞նչ աթոռ, ի՞նչ սեղան կամ չգիտեմ ինչ:

Մենք ինքներս ենք պայքարում նման երեւույթների դեմ, բայց ինչպես ասացի՝ միշտ չէ, որ հաջողում ենք, որովհետեւ կից կառույց չունենք: Դրա համար կից կառույց պետք է ունենանք: Իրենից շատ ենք մտահոգված նման բաներով: Ինքն ո՞վ է, որ եկեղեցին թիրախավորի է, ո՞վ է ինքը, որ մի հատ էլ եկեղեցին թիրախավորի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031