Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատում եմ, որ այս ամեն ինչը ժամանակավոր է. «Թևանիկ»-ը շարունակում է արցախցիների կողքին լինել

Մայիս 29,2025 16:51

«Ապառաժ». Արցախում 2014 թվականից տարբեր ծրագրեր իրականացրած «Թևանիկ» բարեգործական կազմակերպությունը շարունակում է լինել տեղահանված, պատերազմ ու զրկանքներ տեսած արցախցիների կողքին։

Կազմակերպության պատասխանատու Իվետ Դանիելյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ խմբի անդամներին նոր իրավիճակում աշխատելու ուժ է տալիս` կորցրածը հետ բերելու հավատը։

«Ես հավատում եմ, որ այս ամեն ինչը ժամանակավոր է։ Մեր ազգը շատ-շատ դժվարություններ է ունեցել և կարողացել է մեջքը շտկել, հիմա այդ դժվարությունները մի քիչ ավելի շատ են: Բայց հավատացած եմ՝ մեր թե անհատական, և թե հավաքական աշխատանքով կարող ենք դաս քաղելով բացթողումներից նորից հետ բերել կորցրածը»,- ասել է նա:

Կազմակերպության աշխատանքները միջոց են Սփյուռքում, Արցախում և ՀՀ-ում ապրողների համար իրար հետ շփվելու, միասին աշխատելու մեր ժողովրդի համար։

«Այդ աշխատանքներն առիթ են տալիս փայփայելու մեր ունեցած համախմբումը, որ կարողանանք ավելի մեծ ծրագրեր իրագործել»,- ասել է նա:

Կազմակերպության ծրագրերը 44-օրյա պատերազմի օրերին որոշակի փոփոխությունների են ենթարկվել՝ շեշտը դնելով սոցիալական բաղադրիչի, տեղահանված մեր հայրենակիցներին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու վրա։ «Թևանիկի» ընկերները և մյուս հայրենակիցները պատերազմի օրերին հավաքագրում էին ուտելիք, սնունդ, հիգիենայի, անկողնային պարագաներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և ըստ հասցեների բաժանում։ Այսպես կարողացան որոշակի թվով ընտանիքների 3-4 ամիս ապահովել որոշակի պարագաներով և թեթևացնել նրանց հոգսերը։

«Դրան զուգահեռ ՀՕՄ-ի հետ Երևանում կազմակերպել ենք արցախցի կանանց ձեռքի աշխատանքի դասընթաց, որի արդյունքում պատրաստված Նոր տարվա խաղալիքներն ուղարկել ենք ԱՄՆ վաճառքի։ Այսպես տեղահանված արցախցի կանայք որևէ զբաղմունք ունեցան և ցույց տվեցինք, որ իրենց կողքին ենք»,- պատմում է Իվետ Դանիելյանը:

Կազմակերպությունն իր առաքելությանը հավատարիմ է մնացել նաև Արցախի տեղահանությունից հետո՝ չնայած այդ իրողության պատճառած հոգեբանական ծանր դրությանը։

«Հոգեբանորեն մեզ համար էլ շատ ծանր էր: Այսքան տարի մենք փայփայել ենք Արցախը, կարոտով ենք նայել, ուրախացել ենք նրա առաջադիմությամբ, զարգացմամբ։ Ստեփանակերտն արդեն հիանալի քաղաք էր, դա մեր ուրախությունն էլ էր, մենք էլ ենք հաղթանակի բերկրանքը զգացել, հպարտացել: Բայց միանգամից այդ ամենը ձեռքից տալը մեր ազգի համար մեծ շոկ էր, ոչ ոք չէր սպասում դրան,- պատմում է նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031