Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 14-ին իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի վարչական ղեկավար Ասատուր Մարգարյանը Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատին տրամադրել է կեղծ տեղեկանք, թե Վաղաշեն բնակավայրի բնակիչ Նազար Նազարյանը բացակայում է ՀՀ-ից:
Իրավապահների ձեռնարկած միջոցառումների և կատարած ստուգողական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի կողմից մայիսին Վաղաշեն բնակավայրում կատարվել է պահեստազորայիններին ծանուցման աշխատանք՝ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու կապակցությամբ, որի ժամանակ Նազար Նազարյանի հայրը՝ Գագիկ Նազարյանը հայտնել է , որ իր որդին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, այնինչ որդին Հայաստանում է:
Վաղաշեն բնակավայրի վարչական ղեկավար Ասատուր Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը Նազարի հոր Գագիկի հայտնած տեղեկությունն է հիմք ընդունել ու չի մտածել, որ նա ստում է՝ հաշվի առնելով, որ թե Նազարը, թե՛ նրա եղբայրը տարիներ շարունակ այս ամիսներին ՌԴ են մեկնել աշխատանքի: Այդ իսկ պատճառով, ըստ Մարգարյանի, ինքը հավատացել է Նազարի հորը ու տրամադրել համապատասխան տեղեկանքը:
Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա սահմանահատումների վերաբերյալ տեղեկատվության համաձայն` Նազար Նազարյանը 19.11.2022թ-ից գտնվում է ՀՀ-ում և նշված օրվանից մինչ օրս ՀՀ-ից չի բացակայել: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վաղաշենի ղեկավար Մարգարյանը մեզ հայտնեց, որ դեռ չի հարցաքննվել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ