Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանին՝ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռին, որը կարճ ժամանակահատվածով զբաղեցրեց Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը Վարդգես Սամսոնյանի քաղաքապետ լինելու ժամանակահատվածում, նոր պաշտոնի են նշանակել։
Նրան նշանակել են Գյումրու Ն․ Ա․ Մելիքյանի անվան թիվ 2-րդ պոլիկլինիկայի բուժգծով տեղակալ։ Ըստ առողջապահական համակարգում տարածված պնդումների, նա վեց ամիս անց կնշանակվի պոլիկլինիկայի տնօրեն։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն, այս պահին Վահագն Մկրտչյանին անհնար է եղել պոլիկլինիկայի տնօրեն նշանակել՝ օրենքով պահանջվող վարչական աշխատանքային ստաժի ոչ բավարար լինելու պատճառով․ մի քանի ամիս պակասել է նրա ստաժից։
Վահագն Մկրտչյանը, սակայն մեզ հետ զրույցում ասաց, որ իր ստաժը բավարարում է․ թե՛ կլինիկական օրդինատուրայում սովորելու և թե՛ ատամնաբուժարանում աշխատելու տարիները ստաժ են համարվում, իսկ հետագայում տնօրեն նշանակվելու հետ կապված էլ պարզաբանեց՝ երբ տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվի, այդ ժամանակ էլ կորոշի մասնակցել, թե ոչ։ «Ժամանակը կգա, կերևա»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական էջից, պոլիկլինիկայի երկարամյա տնօրեն Սիրանուշ Ղուկասյանի աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրացել է, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մայիսի 14-ին դադարեցրել է նրա՝ որպես տնօրենի լիազորությունները՝ «լուծելով նրա հետ 2020 թվականի մայիսի 15-ին կնքած թիվ 13 աշխատանքային պայմանագիրը»։
Ըստ նույն պաշտոնական աղբյուրի, մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ մայիսի 16-ի N 198 որոշմամբ՝ հիմք ընդունելով Սիրանուշ Ղուկասյանի մայիսի 15-ի դիմումը, նրան վեց ամիս ժամկետով նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար մինչև այդ պաշտոնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքներով տնօրենի պաշտոնի նշանակումը։
Մենք Սիրանուշ Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ է արդյոք մասնակցել հայտարարված մրցույթին՝ նորից ստանձնելով պաշտոնը։ Տիկին Ղուկասյանը պարզաբանեց, որ չի մասնակցելու թոշակային բարձր տարիքի հետ կապված։
Նա նաև ասաց, որ իրենց պոլիկլինիկայում բուժգծով տեղակալի հաստիքը, որն այժմ զբաղեցնում է Վահագն Մկրտչյանը, թափուր էր։ Ի դեպ, Գյումրիում խոսակցություններ էին շրջանառվող, թե հաստիքը նորաստեղծ է, սակայն տնօրենի ժ/պ-ն պարզաբանեց, որ այն եղել է ու թափուր էր։
Նշենք, որ 30-ամյա Վահագն Մկրտչյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է, ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, և տարբերություն փոխքաղաքապետի պաշտոնի, երբ նա բացարձակապես անծանոթ էր քաղաքի կառավարման համակարգին, բժշկական ոլորտում որոշակի փորձ ունի, նա այստեղ մասնագիտական գործունեություն է ծավալելու։
Ի դեպ, այս պոլիկլինիկան հիմնովին վերանորոգման ու վերազինման կարիք ունի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ