Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը (լուսանկարում) դատի էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, քանի որ վերջինիս պատրաստած ռեպորտաժում հնչել էր, որ նա հայհոյել է ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Վահրամ Դումանյանին: Գրիշա Թամրազյանը դիմել էր դատարան Հանրային հեռուստատեսությանը՝ զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջով:
Եվ Դատալեքսից տեղեկանում ենք, որ դատարանը բավարարել է հայցը, իսկ Հ1-ին պարտավորեցրել վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հերքել նշված տեղեկատվությունը:
Aravot.am-ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Սահակ Մանուկյանը տեղեկացրեց. «Հանրային հեռուստաընկերության կողմից ռեպորտաժ է պատրաստվում 2 րոպե 40 վայրկյան տեւողությամբ, որտեղ հնչում են զրպարտչական բնույթի արտահայտությունները, որ իբր Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը ռեկտորի ընտրությունների ժամանակ հայհոյել է նիստի ընթացքում: Ռեպորտաժի 22-րդ վայրկյանից մինչեւ 1 րոպե 1 վայրկյանը հնչել է հետեւյալ զրպարտչական բնույթի արտահայտությունը, որ ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ժաննա Անդրեասյանը ստիպված եղավ արդյունքները ներկայացնել գոռգոռոցների տակ, ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանը հեռակա հայհոյում էր նախարար Վահրամ Դումանյանին:
Մենք հայցադիմում ենք ներկայացրել 2023թ հունվարի 23-ին եւ խնդրել ենք Հանրային հեռուստաընկերության կողմից հնչեցրած արտահայտությունները համարել զրպարտչական բնույթի եւ պարտավորեցնել վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում հերքել 09․12․2022թ․-ին «Լուրեր» հաղորդաշարում եւ 10․12․2022թ․-ին https://www.1lurer.am/hy կայքէջում, տեղադրված «Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականը հայհոյել է նիստի ընթացքում» վերտառությամբ հրապարակման մեջ տեղ գտած Գրիշա Թամրազյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող հետեւյալ փաստացի տվյալները, որ «Ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը հեռակա հայհոյում էր նախարար Վահրամ Դումանյանին»։ Հատկապես որ Գրիշա Թամրազյանը ոչ հեռակա, ոչ առկա չի հայհոյել Վահրամ Դումանյանին
Կարդացեք նաև
Դատարանը վճռել է հերքումն իրականացնել «Լուրեր» հաղորդաշարում եւ 10․12․2022թ․-ին https://www.1lurer.am/hy կայքէջի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ համանման դիտողականություն ունեցող հայկական լրատվության այլ միջոցում։ Հերքումն իրականացնել «Հերքում» խորագրի ներքո, որը իր տեղակայման, տևողության, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չպետք է զիջի 09․12․2022թ․-ին «Լուրեր» հաղորդաշարում և 10․12․2022թ․-ին https://www.1lurer.am/hy կայքէջում հրապարակված «Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականը հայհոյել է նիստի ընթացքում» վերտառությամբ հրապարակմանը։
Վճռի դեմ իրենք ներկայացրել են Վերաքննիչ բողոք, որը դատարանը մերժել է, ներկայացրել են Վճռաբեկ բողոք, որը դատարանը վարույթ չի ընդունել, եւ վերջնական Գրիշա Թամրազյանը հաղթել է այս գործով»:
Գրիշա Թամրազյանի շահերի ներկայացուցիչ փաստաբանը նաեւ հավելեց, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը կատարվել է մասնակի, եւ այժմ իրենք իրավական հնարավորություններ են որոնում, որոնցից մեկը քրեական հաղորդում ներկայացնելն է ՝օրինական ուժի մեջ մտած վճռի չկատարման հիմքով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ