Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծես ձայնակցելով Ադրբեջանի քարոզչությանը, վարչապետը նույնպես իր դժգոհությունն է արտահայտում Հայ Առաքելական Եկեղեցուց, անարդարացիորեն մեղադրելով Հայ Եկեղեցուն

Մայիս 29,2025 18:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներկայիս ՀՀ իշխանությունների վերնախավը իր յոթ տարվա ղեկավարման ժամանակահատվածում բազմիցս փաստել է իր մեծամիտ ու փոքրոգի լինելը: Թեև հաճախ նրանց մեծամտությունն ու փոքրոգությունը հատելով թույլատրելիի սահմանը, ըստ իս, այլ դաշտ են տեղափոխվել։ Օրինակները բազմաթիվ են, դրանց մի մասը արդեն մոռացվել են իրենց կենցաղային մակարդակում գտնվելու պատճառով, որոշ մասը պատեհ առիթներով շարունակվում է քննարկվել, բայց մոռացվելու հակում ունեն: Սակայն ՀՀ իշխանությունների կողմից հայ ժողովրդի հանդեպ գործած կան մեղսագործություններ, որոնք երբեք մոռանալ չի կարելի։ «Հիշարժան» իրադարձությունները այնքան շատ են, որ դրանք կարելի է տեսակավորել ըստ բնագավառների, օրինակ՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, գիտական և այլն

Սակայն ես ուզում եմ մեկ անգամ ևս հպանցիկ անդրադարձ կատարեմ հատկապես հոգևոր աշխարհին, ավելի ստույգ, Եկեղեցի-Պետություն հարաբերություններին, որտեղ իշխող վարչախումբը իր մեծամտությունն ու փոքրոգությունը առավել ցայտուն կերպով սկսեց ի ցույց դնել սկսած 2019 թվականի ամռանից և այն շարունակում է դրսևորվել ցայսօր։

Վերջին հակաեկեղեցական ելույթը վարչապետի կատարմամբ տեղի ունեցավ մայիսի 29-ի կառավարության նիստում, որտեղ բաց տեքստով կրկին անարգվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և էությամբ հայ ժողովուրդը։

Խնդիրն այն է, որ այդ ամենը կատարվում է իբր եկեղեցասիրությունից դրդված, մինչդեռ ակնհայտ է, որ այն ընդամենը թաքնված հակաեկեղեցական քարոզ էր պետական մակարդակով։ Եթե կառավարության նիստում կար անհրաժեշտություն անդրադառնալու եկեղեցական թեմային, ապա կարծում եմ, պետք է վարչապետը ո՛չ թե անկապ հիմնավորումներով արդարացներ մարզահամերգային համալիրը հարսանյաց սրահ վերածելու ինչ որ մարդկանց մտահղացումներն ու բացարձակ անտրամաբանական շրջադարձ կատարել հարձակվելով Հայ Առաքելական Եկեղեցու և խաչի վրա, այլ թերևս տեղին կլիներ դատապարտել Ադրբեջանի «հոգևոր առաջնորդի» վերջերս արած այն հայտարարությունը, որտեղ նա նշել էր, որ իբր Հայ Եկեղեցին տարածաշրջանի հարևան պետությունների համար վտանգ է ներկայացնում։ Ավելորդ չէր լինի նաև այս թշնամական հայտարարություններին անդրադառնալով կոչ անել հարևան պետություններին, այսինքն` Վրաստանին, Պարսկաստանին ու Թուրքիային արձագանքել այդ շինծու հայտարարությանը։ Սա, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից էր, իսկ իրականությունն այն է, որ դրա փոխարեն, այդ թշնամական հայտարարության ֆոնին, կարծես ձայնակցելով Ադրբեջանի քարոզչությանը, վարչապետը նույնպես իր դժգոհությունն է արտահայտում Հայ Առաքելական Եկեղեցուց, անարդարացիորեն մեղադրելով Հայ Եկեղեցուն եկեղեցիների նկատմամբ անհրաժեշտ խնամք չցուցաբերելու մեջ։

Եթե անգամ նման խնդիր կա, մի՞թե կառավարության նիստը այն հարթակն է, որտեղ պետք է դրա մասին բարձրաձայնվի։ Իհարկե ոչ։ Նախ, չկա այդպիսի բան։ Վարչապետի կողմից գեղարվեստական ձևավորմամբ նկարագրված Հայ Առաքելական Եկեղեցու խնամքի տակ գտնվող որոշ եկեղեցիներ, բնականաբար, ունեն վերանորոգման ու նրանց շրջակա միջավայրի բարելավման անհրաժեշտություն, սակայն դա չի նշանակում, որ նրանք անուշադրության են մատնված։ Վարչապետն ու իր համախոհները պետք է միշտ հիշեն, որ Հայոց Եկեղեցիները պատմամշակութային հուշարձաններ չեն։ Հայոց Եկեղեցիները Սրբավայրեր են։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031