Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր։ Մտքեր են փոխանակվել գործընկերության կանոնադրությամբ արձանագրված, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցության զարգացման շուրջ՝ միտված կոնկրետ արդյունքների ապահովմանն ու ՀՀ դիմակայունության ամրապնդմանը: Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին:
Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը գոհունակությամբ են նշել ակտիվ փոխայցելությունները, այդ թվում՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային 2-րդ ֆորումին ԱՄՆ-ից պաշտոնական ու փորձագիտական շրջանակների մասնակցությունը:
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ առկա է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման իրական հնարավորություն, և այդ ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կդառնա պատմական հանգրվան։
Կարդացեք նաև
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել խաղաղության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերի շուրջ:
ՀՀ ԱԳՆ