Արցախի թեմի գրասենյակի և ԴԻԱԼՈԳ կազմակերպության արդյունավետ համագործակցությունում նոր իրադարձություն է հանդիսանում Արցախի թեմի մատենաշարի հիմնումը, որի առաջին թողարկումը ներկայացված է «Արցախ․ վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքով։
«Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագրքի կազմողներն են պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Բալայանը, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանը և Լեռնիկ Հովհաննիսյանը։
Հրատարակությունը ներառում է տեղեկատվական և լուսանկարչական նյութեր 2020-2023 թթ. Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթման հետևանքով տարբեր բնակավայրերում արդեն իսկ ոչնչացված և ոչնչացման վտանգի տակ հայտնված հայկական նյութական մշակույթի հուշարձանների վերաբերյալ։
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքում ասվում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ Արցախի թեմը և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը համատեղ սկիզբ են դնում մատենաշարի, որը, փուլ առ փուլ կատարվող հրատարակությունների միջոցով, համապարփակ կերպով անդրադառնալու է Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, Աղվանից Եկեղեցուն, Արցախի բնակավայրերի պատմաաշխարհագրական նկարագրին և Արցախի հետ կապված կարևոր փաստավավերագրական այլ իրողությունների:
Կարդացեք նաև
Շատ կարևոր և խորհրդանշական ենք համարում այն փաստը, որ նորաստեղծ մատենաշարի առաջնեկը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու ներքո, պետք է լինի Արցախի թեմի գրասենյակի տնօրեն, պ.գ.թ. Մելանյա Բալայանի, Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի, պ․գ․դ․, պրոֆեսոր Վահրամ Բալայանի հեղինակած «Արցախ․ վտանգված ժառանգություն» խորագիրը կրող պատկերագիրքը, որը մեծագույն սիրով ձեր ուշադրությանն ենք հանձնում։ 2020-2023 թվականներին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ձեռնարկած ռազմական ագրեսիայի հետևանքով բազմահազարամյա պատմության ընթացքում առաջին անգամ հայաթափվեց քրիստոնեական քաղաքակրթության հնագույն օջախներից մեկը։ Փաստացի քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև 21-րդ դարում ցեղասպանվեց ու հայրենազրկվեց հնագույն քաղաքակրթության կրող, հանուն իր սուրբ հավատքի դարեր շարունակած աննահանջ պայքար մղած և բազում փորձություններ հաղթահարած հայ ազգը։
Այդ ամենի արդյունքում մեզ զրկեցին հազարամյակների մեր ժառանգությունից, մեր նախնիների ու մեր իսկ տքնանքով կառուցված հոգևոր տաճարներում աղոթելու հավատացյալի իրավունքից։ Մեր նախնիների անսահման հավատքը խորհրդանշող, բայց և այսօր մեր սրտերը բզկտող ու անսահման վշտով ողողող այս նկարներից մեզ նայող հոգևոր տաճարները այսօր փոթորկված ու շփոթված են, նրանց վերքը՝ վերաբացված։ Եվ այսքան ցավի ու մաքառումի միջոցով անցնելով հանդերձ, այսօր էլ մեր ժողովուրդը դեռ շարունակում է հավատալ արդարության վերահաստատմանը։ Մենք վստահ ենք, որ պետությունները, որոնց համար մարդկային տարրական իրավունքներն ու մարդու ստեղծած հոգևոր-մշակութային կոթողները հիրավի արժեքներ են, դեռ բողոքի իրենց ձայնը կբարձրացնեն մեր օրերում տեղի ունեցող այսպիսի վայրենաբարո երևույթները կանխելու, արդարությունը վերահաստատելու համար։ Այդ արդարությունը հոգևոր այս տաճարների ներսում դարերով հնչած հայերեն աղոթքները վերադարձնելն ու վերահնչեցնելն է։ Աղոթենք միասին, որ Ամենակարող Տերն իմաստություն ու զորություն տա մեր ազգին, արդարություն ու խաղաղություն արդի ալեկոծ աշխարհին»։
«Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագիրքը հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կազմվել և հրատարակվել է Յուրի Նավոյանի աջակցությամբ։ Այն նախատեսված է միջազգայնագետների, քաղաքագետների, պատմաբանների, մշակութաբանների և հանրային լայն շրջանակների համար։
Նշենք, որ Արցախի թեմի մատենաշարի հաջորդ թողարկումը կհանդիսանա «Աղվանից կաթողիկոսության նստավայրերը» պատկերագիրքը, որը 2024 թ․ մայիսից մինչև 2025 թ մարտ ընկած ժամանակահատվածում հայերեն և ռուսերեն լեզուներով ստեղծվել է գիտնականների մեկ խմբի կողմից՝ ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ։
Մամուլի հաղորդագրություն