Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան

Մայիս 29,2025 20:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Բեննոնը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Իռլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը։ «Անհրաժեշտ է հաճախակի դարձնել մեր փոխայցելությունները և քննարկումները տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Դեսպան Բեննոնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հավելելով, որ Իռլանդիան նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնմամբ և տարբեր ուղղություններով երկխոսության խորացմամբ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իռլանդական հարաբերությունների ներկա վիճակին և դրանց զարգացման հնարավորություններին։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղիները։ Նշվել է, որ այդ ուղղությամբ փոխգործակցության ներուժը կարող է իրացնել նոր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով՝ խթանելով նորարարությունը և տնտեսության դինամիկ զարգացումը։

Կողմերը շեշտել են նաև զբոսաշրջության և մշակութային փոխգործակցության ընդլայնման կարևորությունը՝ այդ ոլորտները դիտարկելով որպես ժողովուրդների մերձեցման և փոխընմբռնման ամրապնդման հիմնասյուներ։

Կարևորվել է նաև ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը և ժողովրդավարության ինստիտուտների կայացմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրումը՝ որպես երկկողմ համագործակցության ամուր հիմք։

Զրույցի ընթացքում կարևորվել է Հայաստանի տնտեսական բարեփոխումների համատեքստում իռլանդական հաջողված փորձի կիրառումը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031