ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցած կարգապահական հանձնաժողովի նիստին հանձնաժողովը բավարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի միջնորդությունը՝ փաստաբան Սմբատ Մինասյանին պատասխանատվության ենթարկելու՝ արդեն իսկ հարուցված կարգապահական վարույթի գործով իրեն լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ։։
Aravot.am-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանը տեղեկացրեց․ «Ես միջնորդություններ էի ներկայացրել, որ դատախազին, դատավորին, դատական նիստերի քարտուղարին, նիստերին ներկա գտնվող ծառայողին, մյուս պաշտպաններին, որոնք ներկա են եղել, հրավիրեն՝ որպես վկա։ Եվ իրենք բավարարեցին իմ միջնորդությունները։ Նրանց հաջորդ նիստի կհրավիրեն՝ որպես վկա»։
ՀՀ փաստաբանների պալատի՝ այս գործով կարգապահական հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 4-ին՝ ժամը 19։00-ին։
Հիշեցնենք, որ 2024 թ. նոյեմբերի 20-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում պաշտպան Սմբատ Մինասյանը հենց նիստերի դահլիճում տուժող Էդգար Ղազարյանի հասցեին վիրավորանքներ եւ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել՝ այդպիսով անհարգալից վերաբերմունք դրսեւորելով նաեւ դատարանի նկատմամբ։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ Ձեզ հայհոյած փաստաբանը ներկայացե՞լ էր այս նիստին, Էդգար Ղազարյանը պատասխանեց․ «Ոչ, չէր ներկայացել»։ Հարցին՝ միտում տեսնո՞ւմ է, որ փաստաբանը նիստերին չի ներկայանում, Էդգար Ղազարյանը պատասխանեց․ «Դա ակնհայտ է․ ինքն ընդհանրապես բոլոր տիպի կարգապահական վարույթով նիստերին չի ներկայանում։ Այդ միջադեպից հետո այլևս դատական նիստերին էլ չի գալիս։ Ինքը և′ դատական նիստերին չի գալիս, և′ վարութային գործողություններին ու կարգապահական վարույթի նիստերին չի ներկայանում, ու այդ ամենն այդ միջադեպից հետո»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ