Այսօր «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» նախագահ Անդրանիկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Կանադայի դեսպանության քաղաքական խորհրդական պարոն Ահարոն Քոուի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները։
Միության նախագահը զրույցի ընթացքում շեշտել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանության ներգրավվածության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով դեսպանության ներդրումը ռասայական խտրականության, էթնիկ ատելության և անհանդուրժողականության դեմ համընդհանուր պայքարում։ Անդրանիկ Գրիգորյանը կարևորել է նաև դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած հումանիտար, սոցիալական և մշակութային մարտահրավերների լուծմանը։
Հայաստանում Կանադայի դեսպանության քաղաքական խորհրդական պարոն Ահարոն Քոուն, իր լիազորությունների շրջանակներում, աջակցություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» հանձնառությանը՝ բռնի տեղահանվածների իրավունքների ոտնահարման դեմ հետևողական պայքարում՝ առաջարկելով մեթոդական և հումանիտար խնդիրների հասցեագրման և լուծման հնարավոր մեխանիզմներ։
Նա նաև իր պատրաստակամությունն է հայտնել իրազեկելու դիվանագիտական շրջանակներին Ադրբեջանի կողմից ոչնչացված եկեղեցիների մասին՝ բարձրացնելու միջազգային իրազեկվածությունը, կասեցնելու ապատեղեկատվության տարածումը և նպաստելու մշակութային իրավունքների նկատմամբ հարգանքին։
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև բռնի տեղահանվածների միգրացիայի խնդիրները և Հայաստանում նրանց կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը։
Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակելու Հայաստանում Կանադայի դեսպանության և «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» հանդիպումներն ու քննարկումները՝ առարկայական արդյունքի հասնելու հանձնառությամբ։
ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն