Այս անգամ Ալեն Սիմոնյանը գերազանցեց ինքն իրեն` հանրության համար նոր բանավեճերի հերթական դոզան հրապարակ նետելով, դրանցից հատկապես մեկ-երկուսը, թե` երբ մենք ասում ենք արցախցիները պետք է վերադառնան, Ադրբեջանն էլ խոսում է Արեւմտյան Ադրբեջանից (վայ-վայ` սա լրիվ ադրբեջանական նարատիվ է), ու որ` խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է, իսկ դրանից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիներն առեւտուր են անելու:
Իրականում ի՞նչ պետք է ակնկալի հայ մարդը խաղաղության պայմանագրի կնքումից հինգ րոպե հետո (եթե, իհարկե, այդպիսի պայմանագիր ընդհանրապես ստորագրվի).
-Թշնամու զորքի դուրսբերում Ջերմուկի զավթված հատվածից.
-Հայ բոլոր ռազմագերիների ազատ արձակում Բաքվի բանտից.
Կարդացեք նաև
-Էթնիկ զտման ենթարկված արցախցիների ունեցվածքի փոխհատուցում Ադրբեջանի կողմից.
-Հայաստանի դեմ միջազգային հայցերի հետքաշում.
-Եվ այլն:
Ինչպես տեսնում եք` մեր թվարկումներում խոսք չկա ԱԺ նախագահի այն պատկերացման հետ կապված, թե ի՛նչ պետք է սպասել խաղաղության պայմանագրի կնքումից հինգ րոպե հետո: Երեւում է` ամեն մեկն իր սպասումն ունի խաղաղության պայմանագրի կնքում-չկնքումից: Ես, օրինակ, այդպիսի պայմանագրի կնքման չեմ սպասում, ավելին` դրա կնքման հավանականությունը զրոյական եմ համարում, նկատի ունենալով Ալիեւի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ, այդ թվում ամենավերջին` թարմ խոսույթը մայիսի 28-ին, երբ Լաչինում օդանավակայան էր բացում Պակիստանի եւ Թուրքիայի ներկայությամբ գոտեպնդված եւ կրկին Հայաստանի տարածքն Արեւմտյան Ադրբեջան էր անվանում: Զուգահեռ էլ` մի օր հետո Խոզնավարի ուղղությամբ գնդակոծում էր: Եվ այդ պատճառով Սիմոնյանի խոսքն առեւտրի մասին բուռն արձագանք գտավ, որքան էլ դա, համաձայն ԱԺ նախագահի տելեգրամյան գրառման, նրան զարմացրել է:
Եվ առհասարակ` մեր պաշտոնյաների` խաղաղության թղթի ստորագրման առումով լավատեսությունն անհասկանալի է: Օրինակ` Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վստահությունը, թե խաղաղության կառուցման գործընթացում առաջընթաց է գրանցվել, կան արդյունքներ, օրակարգն ամբողջությամբ իրականացվել է: Բա լավ, ինչու են ՌԴ պաշտպանության նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը, խոսքները մեկ արած, հայտարարում, թե Հայաստանի սահմանին էսկալացիայի հնարավորությունը պահպանվում է: Բա դիմեք այդ հայտարարողներին, բացատրություն ուզեք` դրանք օպերատիվ տեղեկությունների հիման վրա ե՞ն, թե՞ սեփական շահ սպասարկող քաղաքական հայտարարություն են, իմանանք:
Մանավանդ` ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասում է, թե կրակոցներին եթե պատասխանենք` հենց դա էսկալացիայի կբերի. բա ո՞ւր մնացին Արմեն Գրիգորյանի ասած արդյունքները: Է, որ Հայաստանի վարչապետն ասել է` պատերազմ չի լինելու` պիտի այս խոսքով միայն պաշտպանական հարցերը լուծված համարե՞լ: Ինչպիսի ծանրակշիռ եւ առարկայական արդյունք:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում