«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանն է:
– Ինչպե՞ս ստացվեց, որ ռաբիս երգիչները սկսեցին Համալիրում 12-13 հազար հանդիսատես հավաքել:
– Փող ունեն, ինչ ուզում, անում են: Մարդիկ էլ ուրախության պակաս ունեն, գնում են ուրախանալու, պարում են, երգում են, բայց ես չեմ էլ հետեւում նրանց: Ի՞նչ կարող ենք անել, եթե մարդկանց ճաշակն իջել է այդ աստիճան: Տարածված տեսակետ կա, որ ժողովուրդն ինչ պահանջում է, դա էլ մատուցում են, բայց ես դրա հետ համաձայն չեմ, ժողովրդին ինչ հրամցնում են, ժողովուրդը դա էլ վերցնում է: Մեր ժամանակ ինչո՞ւ ժողովուրդը ռաբիսություն չէր պահանջում, թեպետ էլի կային ռաբիսներ, բայց այսքան շատ չէին, հարսանիքների, կնունք-ծնունդների համար էին նրանք: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ կար պետական հսկողություն, իսկ հիմա ինչ-որ արաբական, թուրքական երաժշտություն է հնչում, որը ոչ մի կապ չունի հայկական երաժշտության հետ, եթե ուրախ երաժշտության կարիք կա, ապա կան նաեւ ուրախ հայկական երգեր, կարող են դրանք երգել կամ ստեղծել ուրախ հայկական երաժշտություն, առանց ավելորդ արաբական կլկլոցների:
– Իշխանությունը ձգտում է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել, առեւտուր անել, հավատո՞ւմ եք, որ հայն ու ադրբեջանցին կարող են խաղաղ ապրել:
Կարդացեք նաև
– Ոչ, չեմ հավատում, թուրքը միշտ մնում է թուրք, նա չի կարող խաղաղ ապրել:
– Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է մի օր կորցրածը վերադարձնել, թե՞ անվերադարձ կորցրինք, եւ Արցախը նույնպես դասվեց մեր պատմական կորուստների շարքը:
– Արցախը կարող է նորից մերը լինել, եթե հայերը Հայաստանից չփախչեն, սա մեր երկիրն է, մեր հողն է, ո՞նց կարող է մարդ Հայաստանը թողնել, գնալ արտասահմանում ապրել: 10 միլիոնից Հայաստանում մեկուկես միլիոն մարդ է ապրում, էլ ի՞նչ ապագա կարող ենք ունենալ: Եթե բոլորը, հատկապես` երիտասարդությունը, իր ապագան դրսում է տեսնում, ինչպե՞ս կարող ենք նվաճող լինել: Բոլորի ուշքն ու միտքը Հայաստանից գնալն է, ընտանիքներ են քանդվում քաղաքականության հողի վրա, ինչո՞ւ: Իմ երեխաներն էլ արտերկրում են ապրում, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ ես իմ թոռնիկին ամեն օր չպետք է տեսնեմ: Ի՞նչ պակաս երկիր է Հայաստանը: Ես երբեք չեմ գնացել Հայաստանից, չեմ էլ գնա, իմ երկիրը շատ եմ սիրում, ինչ էլ լինի, մնալու եմ: Ժամանակին էլ մեծ հնարավորություններ եմ ունեցել Հայաստանը լքելու, բայց ոչ մի դեպքում չեմ գնացել: Ամեն ինչ սիրելի է Հայաստանում: Դրսում ապրող հայերի բոլոր խնդիրներին մի ահավոր մեծ ցավ է ավելանում` կարոտի զգացումը, որը բոլոր գնացողներին տանջում է, գնում են, բայց, չգիտես ինչու, բոլորն ուզում են թաղվել Հայաստանում, իսկ Հայաստանը գերեզմանատուն չէ, Հայաստանը շենացնելու երկիր է:
– Գուցե շատ են պատերազմով վախեցնում մարդկանց, դա՞ է պատճառը:
– Դա հատուկ քաղաքականություն է: Վախեցնում են, այո, եւ մարդիկ վախենում են, բայց ինչո՞ւ պետք է մեր երկրի բանակն այսքան թույլ լինի, որ վախենանք, ինչո՞ւ պետք է այսքան անպատրաստ լինեինք, դրան գումարած` գաղափարապես այսքան տկար, հայրենիքի գաղափարը շրջանցող: Դեպի Եվրոպա գնալու ձգտումները խանգարում են մեզ, փոխանակ Եվրոպայից լավը վերցնենք, վերցնում ենք միայն վատը, փոխարենն ամրացնենք ընտանիքի գաղափարը, ավանդույթներին առավել կարեւորություն տանք:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: