Լրահոս
Օրվա լրահոսը

Թող դաս լինի՝ ինչպես ԵՄ-ն «գցեց» Հյուսիսային Մակեդոնիային. Արմեն Աշոտյանի անդրադարձը՝ ՀՀ Սահմանադրությունն արտաքին ճնշմամբ փոխելու ռիսկերին

Մայիս 30,2025 13:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանի իշխանություններին ներկայացնել իր պահանջները: Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փաստաբանների միջոցով 168.am-ին էր ուղարկել Հյուսիսային Մակեդոնիայի դեպքը, որն ավելի խոսուն է Հայաստանին պարտադրվող օրակարգերի կոնտեքստում:

«Իր Սահմանադրությունը դրսի պահանջով փոխել է նաև Հյուսիսային Մակեդոնիան, որն արդեն 20 տարուց ավելի Եվրամիության անդամակցության բանակցություններ է վարում: Հյուսիսային Մակեդոնիան ոլորտային ցուցանիշներով ԵՄ անդամության հայտ ներկայացրած երկրների մեջ լավագույններից մեկն է, բայց նախ Հունաստանն է Մակեդոնիա կոչվող պետության առջև պայման դրել, որ պետք է անպայման Սահմանադրությունը և երկրի անունը փոխել, և 2018թ. նրանք հանրաքվեով փոխեցին Սահմանադրությունը, և Մակեդոնիան վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի՝ այն հույսով, որ դա թույլ կտա իրենց արագ դառնալ և՛ ՆԱՏՕ, և՛ ԵՄ անդամ:

Հունաստանի պահանջը բավարարվեց 2018 թվականին, բայց Մակեդոնիային ընդունեցին միայն ՆԱՏՕ, որովհետև հենց ԵՄ թեման կրկին աշխուժացավ, Հունաստանը՝ իր պահանջները բավարարված համարելով, նոր պահանջ չդրեց, բայց առաջ եկան բուլղարական պահանջները:

Բուլղարիան խիստ պահանջ դրեց արդեն Հյուսիսային Մակեդոնիայի առջև՝ կատարել սահմանադրական փոփոխություններ և Սահմանադրությամբ ամրագրել բուլղարացիների սահմանադրական իրավունքները՝ որպես ազգային փոքրամասնություն:

Մակեդոնացիները դա խոստացել էին անել, բայց Պառլամենտում այդ քվեարկությունը տապալվեց, և հիմա Բուլղարիան կասեցրել է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությունը ԵՄ-ին, որը տեխնիկապես ամենապատրաստ երկրներից մեկն է ԵՄ անդամ դառնալու համար:

Մյուս զավեշտալի բանն այն է, որ նման խնդիրների դեպքում Եվրամիությունը, այսինքն՝ պաշտոնական Բրյուսելը, թե՛ Հունաստանի, թե՛ Բուլղարիայի դեպքում լվացել է ձեռքերը և ճնշում է գործադրում ոչ թե Բուլղարիայի կամ նախկինում Հունաստանի վրա, այլ Հյուսիսային Մակեդոնիայի՝ ստիպելով համաձայնել Բուլղարիայի պահանջին, այլապես ԵՄ անդամ դառնալ չի կարող:

Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո լուծվում խնդիրները՝ սկսած երկրի անվանման փոփոխությունից՝ մինչև ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր:

Ընդ որում, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը հայտարարել է, որ անգամ, եթե բուլղարական պահանջը կատարվի, չի նշանակի, որ Հյուսիսային Մակեդոնիան ինքնին ԵՄ անդամ կդառնա:

Եվ սա Հյուսիսային Մակեդոնիայի պարագայում, որն Ադրբեջան չէ, ագրեսոր ու մարդասպան չէ, ռազմատենչ չէ ու չի արել ռազմական հանցագործություններ:

Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում, այն էլ քաղաքակիրթ Եվրամիության պարագայում, ուր մնաց՝ Ադրբեջանի դեպքում, որը խիստ ռիսկային պրոցես է»,- գրել էր Արմեն Աշոտյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031