-Մարմինս դողում է, էս խաղեր են գնում,- այսօր Վերաքննիչ դատարանում այսպես արձագանքեց Ցորի զորամասի զինվորներից մեկի հայրը, երբ լսեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը՝ նիստը հետաձգելու մասին:
Նա եւս մտահոգություն ուներ, որ Հարությունյանը նիստերը ձգձգելու միտում ունենալով է փաստաբան փոխում, միջնորդություն ներկայացնում:
Ծնողները իրենց մտահոգությունները հայտնեցին, Աշոտ Ապրեսյանն էլ ցավակցեց զոհվածների ծնողներին, ինչին ի պատասխան՝ ծնողները հայտնեցին՝ պետք չէ:
Կարդացեք նաև
-Մենք հակված չենք այս գործը իր տրամաբանական ավարտին հասցնել մեղադրական վերդիկտի կամ մեղադրական վճռի պարագայում: Մենք փորձելու ենք ապացուցել Հարությունյանի անմեղությունը: Մեր բողոքներում հարց չի բարձրացվում վաղեմության ժամկետի կամ դատապարտվելու մտքի հետ համակերպվելու ու հետագայում այդ դատավճռի տակ մնալու խնդրի, առավել եւս՝ այս զինվորների մեղքի կամ նրանց ծնողների մեղքի տակ մնալու: Ջալալ Հարությունյանը, ըստ պաշտպանական կողմի, հանցանք չի կատարել, որ ակնկալի վաղեմության ժամկետ,- Ապրեսյանի այս ելույթը ընդհատեցին տուժողները եւ դատարանը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար և դատապարտել 5.5 տարվա ազատազրկման: Հարությունյանը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պահանջելով իրեն արդարացնել:
Դատարանը բավարարեց փաստաբան Ապրեսյանի միջնորդությունը, նիստը հետաձգվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ