Փաստինֆո. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով ստացվել են դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր կայացած դատական նիստում նախագահող Գիվի Հովհաննիսյանն ընթերցեց եզրակացությունը, ինչից պարզ է դարձել, որ Խաչատրյանը սեղմ ժամկետներում Գերմանիայում վիրահատության կարիք ունի։
Նշենք, որ դատարանը դեռևս ապրիլի 4-ին թույլատրել էր Խաչատրյանին վիրահատության նպատակով մեկնել Գերմանիա, բայց դատարանի որոշումից անմիջապես հետո Գագիկ Խաչատրյանը մեղադրյալ է ներգրավվել՝ այլ քրեական վարույթով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, ուստի, Խաչատրյանը չի կարողացել մեկնել Գերմանիա՝ վիրահատության։
Այսօրվա դատական նիստում․ մինչ դատարանը կընթերցեր եզրակացությունը, մեղադրող Գևորգ Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահողին՝ պնդելով, թե դատարանը կողմնակալ է։ Մեղադրողը հիշեցրեց, որ 2024թ․ սեպտեմբերի 13-ին մեղադրող կողմը ներկայացրել է միջնորդություն՝ հանձնաժողովային դատափորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որ պարզվի, թե ի վերջո, Գագիկ Խաչատրյանն ինչ հիվանդություններով է տառապում, դրանք ՀՀ-ում բուժել հնարավոր է, թե ոչ, որից հետո նոր անդրադառնալ նրա մեկնման հարցին․ սակայն դատարանը, չսպասելով եզրակացությունը ստանալուն, միջնորդությունը բավարարել է նախորդ դատական նիստին։ Բացի այդ, առանց Խաչատրյանի մասնակցության՝ դատարանում հարցաքննվել են փորձագետները։ Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ մեղադրողի այս միջնորդությունը անհիմն է գնահատել, նշել՝ այն իրականությանը չէր համապատասխանում, փաստերը խեղաթյուրվել են։ Բացի այդ, պաշտպանը նշեց, որ եթե ձգձգելու միտում լիներ՝ ի սկզբանե կասեին, որ դատական նիստեր պետք է իրականացվեր բացառությամբ Խաչատրյանի մասնակցությամբ, մինչդեռ, նա ի վիճակի չէ մասնակցել նիստերին, այդպես նիստերը կձգձգվեին։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։
Կարդացեք նաև
Ըստ մեղադրանքի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79.372.897.900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34.328.964 ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5.000.000 եվրոյին համարժեք 2.624.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34.328.964 ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2.624.000.000 ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը։ Գագիկ և Կարեն Խաչատրյանները մեղադրանքը չեն ընդունում։
Իզաբել Սահակյան