Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ընտրովի արդարադատությունն անպատժելիության հետևանք է»․ Անի Չատինյան

Մայիս 30,2025 20:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետությունում կա ընտրովի արդարադատություն։ Դա տեսանելի է տարբեր բնագավառներում՝ և քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով, և խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, և հիմնարար իրավունքների խախտումների գործերով։

Այս մասին Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։

«Մինչդեռ օրենսդրությունը, կոնվենցիաները, պրակտիկան և, առհասարակ, արդարադատության իրականացման մոտեցումն այդպիսին չպիտի լինեն։ Արդարադատությունը պիտի հասանելի լինի բոլորին՝ օրենքի առաջ հավասարության սկզբունքի հիման վրա»,- ընդգծեց փորձագետը։

«Եղել են դեպքեր, երբ տեսել եմ, որ դատավորը թույլ է տվել շատ կոպիտ խախտում, և դիմում եմ ներկայացրել։ Չի եղել մի դեպք, երբ իմ դիմումի հիման վրա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի։ Ինձ գրություն է եկել, թե դա այնպիսի խախտում չէ, որի պատճառով կարգապահական վարույթ հարուցվի։ Բայց տեսնում եմ, որ իմ ներկայացրած փաստակազմով մեկ այլ դատավոր նկատմամբ հարուցված վարույթով նկատողություն են հայտարարել, մեկ ուրիշին՝ զրկել։ Անգամ այստեղ կա ընտրովի արդարադատություն»,- ասաց փաստաբան Դավիթ Ասատրյանը։

Փաստաբանը հիշեց մի դատական գործ, որտեղ մասնակիցներն էին իր վստահորդը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի ներկայացուցիչ։ Պատմեց, որ դատավորը երկու տարի շարունակ այդ գործով կամ նիստ չէր նշանակում, կամ նշանակելու դեպքում էլ նիստի օրերին միշտ հիվանդանում էր։ Բայց նույն դատավորն այդ ժամանակահատվածում մեկ այլ գործով 2-3 ամիս մեկ դատական նիստ էր իրականացնում։ «Դա որևէ ողջամիտ բացատրություն չունի, քան ընտրովի արդարադատություն»,- նշեց Դավիթ Ասատրյանը։

Անի Չատինյանն էլ հավելեց, որ Հայաստանում  ընտրովի արդարադատությունը անպատժելիության հետևանք է, և դատաիրավական ոլորտում պետք է  բարեփոխումները տանել անպատժելիության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ։ Փորձագետի կարծիքով՝ ընտրովի արդարադատության հիմնական պատճառներից մեկն էլ քաղաքական կամքի բացակայությունն է։ «Յուրայիններին չպատժելու, յուրայիններին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքներ սկզբունքով չպիտի շարժվել։ Եթե ուզում ենք արդյունք ունենալ, պիտի շարժվենք իրավունքները հավասար իրացնելու սկզբունքով։ Յուրայիններին չպատժելն ի վերջո բերում է նրան, որ բոլոր ատյաններում արդարադատությունը դառնում է ընտրովի»,- ասաց Անի Չատինյանը։

—————————

Քննարկումը կազմակերպվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031