Լրահոս
Օրվա լրահոսը

Դու ես մեղավոր, որ երեխադ զոհվել է, գնայիր հետը կռվեիր, կանխեիր էս ամեն ինչը. Ջալալ Հարությունյանի եղբայրը մեղադրել է զոհվածի հորը

Մայիս 30,2025 22:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերաքննիչ դատարանում այսօր գեներալ-լեյտենանտ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը շատ էր բարկացրել «Ցոր» զորամասի զոհված զինծառայողների հարազատներին: Նրանք միայն  դատական նիստում իրենց դժգոհությունը հայտնելով չբավարարվեցին, նիստի ավարտից հետո իրենց վրդովմունքը հայտնեցին նաեւ դատարանի շենքի բակում:

Զոհված զինվորների մայրերը վիճեցին Հարությունյանի պաշտպանի հետ. «Մեր երեխեքից ամեն մեկիս մի ոսկոր են տվել: Այն ժամանակ ժամկետի մասին մտածո՞ւմ էիք, մարմինը տայիք գոնե տանեինք: Կամաց թե վաղեմության ժամկետով կպլստաք: Մնում էր, որ մարդասպանը վաղեմությամբ պլստար»:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար և դատապարտել 5.5 տարվա ազատազրկման: Հարությունյանը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պահանջելով իրեն արդարացնել:

Զոհված տղաներից Հայկ Մելիքյանի մորաքույր՝ Անահիտ Մանասյանը, այսօր դատարանի շենքի դիմաց ամենաշատ զայրացածներից էր, նրան վրդովեցրել էր Ջալալ Հարությունյանի եղբոր մեղադրանքը զոհված տղաներից մեկի հորը՝ հրետանավոր Արթուր Ասրյանին. «Ասում է դու ես մեղավոր, որ երեխադ զոհվել է, գնայիր հետը կռվեիր, կանխեիր էս ամեն ինչը»:

Այս մեղադրանքից հետո ծնողները վիրավորական արտահայտություններ ուղղեցին Հարությունյանների հասցեին. «Ռադդ քաշի, բոշաներ…»:

Ի դեպ, Անահիտ Մանասյանը  panorama.am-ին հայտնել էր, թե ինչպես է Ջալալ Հարությունյանը իր հեռախոսահամարից զանգահարել Ցոր զորամասում ծառայած, քրեական գործով որպես վկա, տուժող ներգրավված տղաներին, ներկայացել ՊՆ-ից ու սկսել հարցեր տալ, մասնավորապես հարցրել է, թե ինչպես են նրանք տարբեր օրերի հասել Գորիս՝ մասնակցելու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստերին։

Հիշեցնենք, որ այսօր էլ Հարությունյանի պաշտպանը հայտնեց, որ ունեն ապացույցներ, այդ թվում ձայնագրություններ, թե ինչպես են երեք վկաները մեղադրող դատախազի մեքենայով Երեւանից Գորիս դատական նիստերին մասնակցելու համար տեղափոխվել, ինչը դատախազին բացարկ հայտնելու հիմք են համարում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031