Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը գրում է.
«Քաղաքական գործիչները միշտ օգտագործել և, ցավոք, օգտագործելու են կանանց, մնացած խոցելի խմբերին իրենց քաղաքական պայքարում, բայց սա բնորոշ չէ ժողովրդավարական հասարակություններին: Հատկապես կանանց մարմնի նկատմամբ ավտոնոմիան (ինքնավարությունը) դառնում է քաղաքական շահարկումների գործիք ավտորիտար տենդենցներ ունեցող հասարակություններում (օրինակ՝ Լեհաստանը մինչև վերջին փոփոխությունները քաղաքական դաշտում):
ՀՀ վարչապետի այսօրվա արած հայտարարությունը քննադատելի է իր տեքստում կնոջն օբյեկտիվացնելու, սեռական այնպիսի բառ օգտագործելու համար, որն օգտագործող շրջանակներն այն ակնհայտ բռնության համատեքստում են կիրառում:
Տիկին Հակոբյանն ասում է, որ նաև իրեն են թիրախավորել, բայց ՀԿ ները լռել են: Տիկին Հակոբյանին թիրախավորելը քննադատելի է, ՀԿ-ները բազմիցս խոսել են կին քաղաքական գործիչներին թիրախավորող խոսքի դեմ, բայց ՀՀ վարչապետի այսօրվա խոսքը միայն ամրապնդելու ու նորմալիզացնելու է քաղաքական դաշտում նման խոսույթը: ՀՀ վարչապետի խոսքը չի կարող դրվել նույն նժարի վրա, ինչ որևէ բլոգերի կամ անհայտ ստատուսագրի խոսքը:
Կարդացեք նաև
Քաղաքացիական հասարակությունը ձեր հակառակորդները չեն: Քաղաքացիական հասարակության մեծ մասը Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդիկ են, որ փորձել ու փորձում են նպաստել ամուր, կայուն, մարդակենտրոն պետության կայացմանը: Քաղհասարակությունը ժողովրդավար իշխանությունների գործընկերներն են:
Մեզ մնում է միայն որևէ պարագայում չվերարտադրել այն խոսույթը, որ այսօր կա քաղաքական դաշտում, աջակցել իրար ու շարունակել պայքարը Հայաստանում ժողովրդավարության կայացման, խոցելի խմբերի պաշտպանության ու հայրիշխանական թունավոր կարգերը քանդելու ուղղությամբ»: