ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հուշերը գագաթաժողովից
«Ելցինն այդ փաստաթուղթը ստորագրելուց հետաքրքիր հայտարարություն արեց. ասաց՝ մեզ ԱՊՀ անդամ դառնալու համար, որպես ինքնուրույն սուբյեկտներ, պետական կազմավորումներ դիմել են նաեւ ԼՂ-ն եւ Պրեդնիստորվիան, բայց հիմա մենք նրանց դիմումներին չենք անդրադառնա, որպեսզի այս փաստաթուղթը ստորագրվի, մենք դրան հետո կանդրադառնանք»,-ավելի քան երեսնամյա վաղեմության այս պատմությունն «Առավոտի» հետ զրույցում հիշեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Խոսքը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, Ալմա Աթայի գագաթաժողովի եւ այնտեղ ՌԴ նախագահ Բորիս Ելցինի արած հայտարարության մասին է։ Այդ գագաթաժողովին, հայաստանյան պատվիրակության կազմում, ներկա է եղել նաեւ Խոսրով Հարությունյանը։
Հարցն այն է, որ ՀՀ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր առաջարկած իբրեւ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար պատրաստվում է Ադրբեջանի հետ, անգամ միակողմանի, Խաղաղության համաձայնագիր կնքել, սահմանազատում-սահմանագծում իրականացնել։ Հանուն այդ գործի զոհաբերվեց Արցախը՝ հայտարարելով այն Ադրբեջանի կազմում ու իբրեւ հիմնավորում բերելով Ալմա Աթայի համաձայնագիրը, ըստ որի՝ իբրեւ հետխորհրդային երկրների սահմանները ճանաչվում են անկախ պետությունների սահմաններ։
Կարդացեք նաև
Խոսրով Հարությունյանը նկատում է՝ եթե այդ համաժողովի համաձայնագրին այդ պահին միանային ԼՂ-ն եւ Պրեդնիստորվիան, վեճ էր առաջանալու, իսկ այդ պահին կոնսենսուս էր պետք եւ մանրամասնում. «Միայն այս փաստը խոսում է այն մասին, որ դեկտեմբերի 21-ի փաստաթղթի ստորագրողները գիտեին, որ այլեւս կա նաեւ Լեռնային Ղարաբաղ՝ առանձին պետական կազմավորում, օրենքով սահմանված կարգով ԽՍՀՄ-ից եւ Ադրբեջանի կազմից դուրս եկած։ Հետեւաբար, եթե Ալմա Աթայի հռչակագրին հղում կատարելով ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը, ապա մենք պետք է արձանագրենք, որ համաձայնագրի ստորագրման պահին Ադրբեջանի տարածքի մեջ ԼՂ-ն այլեւս չէր մտնում։ Եվ պատահական էլ չէր, որ հետագայում ՀՀ թե երկրորդ, թե երրորդ նախագահներն ասում էին, որ խնդիր չունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ, եկեք արձանագրենք, որ դա Արցախի հետ կապ չունի»։
«Առավոտի» դիտարկմանը, որ Հայաստանում՝ Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում Սերգեյ Լավրովն, ըստ էության, հայտարարեց, որ ՌԴ-ն հաշտ է այն իրողության հետ, որ Արցախն Ադրբեջանի կազմում է, միայն թե՝ իր երկրին դրանում չմեղադրեն, Խոսրով Հարությունյանը հակադարձեց. «Առաջին հայացքից է այդ տպավորությունը։ Սերգեյ Լավրովն այդ հարցում մշտապես հղում է կատարում հայաստանյան իշխանությունների դիրքորոշմանը՝ ՌԴ-ի դիրքորոշումը փորձելով կապել հայաստանյան դիրքորոշման հետ՝ ասելով, որ ՀՀ իշխանությունը հայտարարել է, որ Ալմա Աթայի համաձայնագրի համաձայն, ԽՍՀՄ կազմաքանդման պահին ԼՂ-ն եղել է Ադրբեջանի կազմում»։
Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ միաժամանակ, Լավրովը մի քանի անգամ շեշտեց, որ նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ կար հնարավորություն՝ Արցախի հարցի լուծումը հետագային թողնել. «Ի դեպ, Լավրովն ընդհանրապես չանդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ սա խոսում է այն մասին, որ Մինսկի խումբն իրենց համար դեռեւս հարմար հարթակ է՝ նաեւ արեւմտյան գործընկերների հետ, անհրաժեշտության դեպքում նոր համագործակցություն ձեւավորելու համար։ Սա, կարծում եմ, ՌԴ-ն իր համար պահեստային հնարավորություն է պահում»։
«Եթե խոսում ենք Ալմա Աթայի հռչակագրի մասին եւ ընդունում ենք, որ այդ հռչակագրով է կարգավորվում ԽՍՀՄ կազմաքանդումը եւ ԱՊՀ-ի ձեւավորումը, ապա պետք է արձանագրել, որ ԽՍՀՄ կազմաքանդման իրավական, պատմական, քաղաքական փաստը տեղի է ունեցել 1991 թվականի դեկտեմբերի 21-ին։ Եվ պետք է արձանագրել, որ այդ ժամանակ ԼՂՀ-ն, դեռեւս գոյություն ունեցող ԽՍՀՄ օրենքներով, դուրս էր եկել ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլեւ Ադրբեջանի կազմից։ Հետեւաբար, 1991 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չի էլ կարող լինել, եթե նույնիսկ շատ ցանկանանք»,-ասաց ՀՀ նախկին վարչապետը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.05.2025