«Անդրեյ Բելոուսովի խոսքերն ուղղակի քաղաքական հայտարարություն չեն. դրանք ռազմաքաղաքական ազդակ են, որը պետք է դիտարկել միաժամանակ տարածաշրջանում Ռուսաստանի վերադիրքավորման, Արեւմուտքի ազդեցության ընդլայնման դիմակայման, եւ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի կողմից ճնշումների համատեքստում»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը:
– Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ի պատասխան կոնգրեսականներից մեկի հարցի, հայտարարել էր. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն հաստատելու վրա։ Կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացում՝ փորձելով դա իրականություն դարձնել եւ կանխել հնարավոր ռազմական միջամտությունը այնտեղ։ Իհարկե, այդ զրույցների համատեքստում բանտարկյալների եւ մարդու իրավունքների հարցերը կարեւորագույն նշանակություն ունեն»։ Պատահակա՞ն էր այս արտահոսքը։
– Ռուբիոյի՝ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հնչեցրած այս խոսքերը պատահական արտահոսք չէին, այլ հստակ ուղերձ, որը պետք է դիտարկել միաժամանակ ԱՄՆ ներքաղաքական, տարածաշրջանային ռազմաքաղաքական, եւ միջազգային դիվանագիտական համատեքստում: Նախ այս հայտարարությունն ուղղված էր ԱՄՆ Կոնգրեսի ներսում աճող ճնշումը զսպելուն, որտեղ բազմաթիվ կոնգրեսականներ ավելի խիստ մոտեցում են պահանջում Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի նկատմամբ: Ռուբիոյի խոսքերը շեշտադրում են այն, ինչ Վաշինգտոնը վաղուց ձգտում է հաստատել՝ միջազգային միջնորդության միջոցով կայուն խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ ԱՄՆ-ն պնդում է իր ներգրավվածության իրավունքը եւ դիվանագիտական ներկայությունը տարածաշրջանում, փորձում է կանխել իր տարածաշրջանային մրցակիցների՝ հատկապես Մոսկվայի եւ Թեհրանի դերն այստեղ։ Բանտարկյալների եւ մարդու իրավունքների հիշատակումը հատկապես ակնարկ է Ադրբեջանին, որ Բաքվի նկատմամբ փոխհարաբերությունները ճշգրտվում են, եւ դա կարող է ունենալ հետեւանքներ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վրա:
-Սրան հետեւեցին ՌԴ ԱԳ նախարարի երկօրյա այցը Հայաստան, Իրանի զինվորական ղեկավարության այցը։ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց՝ ՀՀ սահմանների անվտանգության երաշխավորը Հայաստանում ռուսական 102 ռազմաբազան է, Մոսկվան եւ Երեւանը շարունակում են մնալ ռազմավարական գործընկերներ։ ՌԴ-ում դեմ չեն, որ Հայաստանն այլ երկրներից զենք ձեռք բերի, միայն թե՝ պետք է հատուկ ընտրի այդ երկրներին։ Ֆրանսիայի մասով, օրինակ, նկատեցին՝ ՌԴ-ին թշնամական երկիր է։ Նաեւ Կապանում ՌԴ հյուպատոսության հարցը, ինչպես պարզվում է, «օդում կախված» է։ Ապա «Երեւանյան երկխոսություն-2» համաժողովն էր, որի ժամանակ Իրանի փոխարտգործնախարարն ասաց՝ իր երկիրը կսատարի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց իր ցանկությունն էր Հայաստանից լսել, որ ոչ մի միջանցք չի կարող լինել։ Չլսեց։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը միայն ասաց՝ կարեւոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա հավասարության եւ փոխադարձության սկզբունքով։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ սահմանադրական հանրաքվե կանցկացնի, եթե ՍԴ-ն որոշի, որ ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագիրը հակասում է Սահմանադրությանը։ Ու կրկնեց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի լինելու, եթե հարձակվեն էլ, մենք չենք պաշտպանվելու։ Ոչ պակաս ուշագրավ էր Ադրբեջանի բարեկամ երկիր Սլովակիայի վարչապետի հետ ռազմական եւ ռազմավարական հարցերի քննարկումը։ Ի՞նչ մեկնաբանություններ ունեք այս ամենին։
Կարդացեք նաև
– Ձեր նկարագրած իրադարձությունները հստակ հուշում են, որ տարածաշրջանում հարաբերությունները սրվում են ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ մրցակցող միջազգային դերակատարների միջեւ։ Հայաստանը հայտնվել է միջազգային ճնշման երեք առանցքի տակ՝ ԱՄՆ/ԵՄ, Ռուսաստան, Իրան, եւ որեւէ ուղղությամբ մինչեւ վերջ գնալու փոխարեն՝ կարծես վանում է նրանցից յուրաքանչյուրին։
-Նախ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները, կարելի է ասել, որ Մոսկվան փորձում է հետ բերել Հայաստանը իր ազդեցության դաշտ, սակայն՝ առանց էական զիջումների։ 102-րդ ռազմաբազայի մասով Մոսկվան ուղիղ ակնարկում է, որ այլընտրանքային անվտանգության մոդելներ Ռուսաստանի համար ընդունելի չեն, իսկ հատուկ երկրներից զենքի ձեռքբերումները «կարմիր գիծ» են եւ ցանկացած քայլ, որը վերաբերում է արեւմտյան ռազմական համագործակցությանը, դիտարկվում է որպես ռուսական շահերի դեմ ուղղված քայլ։ Իսկ ինչ վերաբերում է Կապանի հյուպատոսության հարցի անորոշությանը, ապա այդ փաստը վկայում է, որ անգամ տեղային հարթության վրա հայ-ռուսական հարաբերություններում վստահության ճգնաժամ կա։
-Նույնը կարելի է ասել Իրանի մասով, ով շարունակում է Հայաստանից ակնկալել հստակ դիրքորոշում «Զանգեզուրի միջանցքի» հարցում, իսկ հայկական կողմի լռությունը կամ չեզոք ձեւակերպումները ընկալվում են ոչ հուսալիության եւ խուսանավման նշան։ Իրանն իր ներկայությամբ ու շեշտադրումներով ցույց է տալիս, որ հետեւում է սահմանային զարգացումներին ոչ պակաս լրջությամբ, քան Ռուսաստանը, եւ «միջանցք» ձեւակերպման դեմ պատրաստ է կոշտ արձագանքել, եթե Հայաստանը դրան համաձայնի։
Իսկ ինչ վերաբերում է ԱԽՔ-ի եւ վարչապետի այս կամ այն հայտարարություններին, ապա ընդհանուր առմամբ դրանք բացահայտում են Հայաստանի ներկայիս իշխանությունների ռազմավարական վարքագծի խորքային հակասությունները, վտանգավոր երկիմաստությունը: ՀՀ իշխանությունները գտնվում են խորը ռազմավարական երկընտրանքի մեջ՝ պահպանել խաղաղության պատրանքը, թե ամրացնել անվտանգության ինստիտուտները: Այս իշխանությունների մոտեցումը՝ սահմանադրական պատասխանատվության փոխադրումը հանրության վրա, բացահայտ խուսափողականությունը իր անվտանգությունը պաշտպանելու հարցում, եւ միջպետական շփումների երկիմաստ ուղղորդումը վկայում են ՀՀ իշխանությունների կողմից չձեւավորված անվտանգության դոկտրինի մասին։
Ու այս երկիմաստ կեցվածքով Հայաստանը կորցրել է իր քաղաքական ինքնիշխանության ընկալումը արտաքին բոլոր դերակատարների աչքերում։
– Այս շրջափուլի եզրափակումը կարծես եղավ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հայտարարությամբ՝ լարվածությունը Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է. «Արտատարածաշրջանային երկրներն ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում։ Նրանց նպատակը անվտանգությունն ամրապնդելը չէ, այլ այստեղ իրենց ազդեցությունն ընդլայնելը»: Նա վերահաստատել է Մոսկվայի շահագրգռվածությունը՝ Բաքվի եւ Երեւանի կողմից խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. «Մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել դրան»։ Ինչի՞ սպասել։
– ՌԴ պաշտպանության նորանշանակ նախարար Անդրեյ Բելոուսովի խոսքերն ուղղակի քաղաքական հայտարարություն չեն. դրանք ռազմաքաղաքական ազդակ են, որը պետք է դիտարկել միաժամանակ տարածաշրջանում Ռուսաստանի վերադիրքավորման, Արեւմուտքի ազդեցության ընդլայնման դիմակայման, եւ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի կողմից ճնշումների համատեքստում։ ՌԴ համար Սյունիքը դիտարկվում է ոչ թե որպես Հայաստանի տարածք, այլ որպես ՌԴ ռազմավարական վերահսկողության եւ ազդեցության գոտի, որտեղ ցանկացած այլ ուժի ներթափանցում դիտարկվում է որպես սպառնալիք։ Բելոուսովի հայտարարությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի հեռանում Հարավային Կովկասից, այլ՝ փոխում է գործիքակազմը եւ դիմում բաց դիվանագիտական, ռազմաքաղաքական լեզվի։ Ռուսական կողմի վերջին ակտիվ հայտարարությունները փաստում են տարածաշրջանում նրա ակտիվացման նոր փուլի մասին, որտեղ Ռուսաստանը Հարավային Կովկասի նկատմամբ ձեւակերպում է ռազմավարական վերահսկողության հավակնություն եւ մերժում է Արեւմուտքի ու Իրանի ներգրավվածությունն այստեղ։
Թե ի՞նչ սպասել, կարելի է ենթադրել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ միջնորդության մրցակցությունը կսրվի խոշոր դերակատարների մջեւ, «միջանցքի» շուրջ ճնշումները կշատանան տարբեր ուղղություններով: Իսկ Սյունիքը դարձել է գերտերությունների մրցակցության գլխավոր խաղաքարտը եւ յուրաքանչյուր կողմը Սյունիքը դիտարկում է ոչ թե իբրեւ Հայաստանի սուվերեն տարածք, այլ իր ազդեցության գոտի։ Այս իրավիճակում Սյունիքը դարձել է մարտավարական ճնշման լծակ, որի միջոցով գերտերություններն ազդում են ոչ միայն միմյանց վրա, այլեւ Հայաստանի սուվերենության հաշվին մշտապես տարբեր խաղադրույքներ են կատարում:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
30.05.2025