ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ նախադեպ է, երբ Ազգային անվտանգության ծառայությունը, իր բանուգործը թողած, հոգեւորականների սեռական կյանքին ուղղված «դոսյեներ» է հավաքում, ո՞ր դեպքում օրենքը կարող է ԱԱԾ-ին նման իրավունք տալ: «Եթե կոնկրետ ապացույցներ, փաստեր ունեն, ապա պետք է ներկայացնել եկեղեցու հոգեւոր խորհրդին, եւ թող առաջացնեն համապատասխան հետեւանքներ, ընդհուպ` կարգալույծ անեն հոգեւորականին, բայց եթե չունեն ապացույց եւ ընդամենը հերյուրանքներ են տարածում, սրանով փորձ է արվում վարկաբեկել ողջ Հայ առաքելական եկեղեցին: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ ինֆորմացիա ստանալու միակ աղբյուրն ԱԱԾ-ն է, գուցե ոստիկանությո՞ւնն է, օրինակ, այդ տեղեկությունները հավաքել, ո՞վ գիտի: Ինչո՞ւ եք կարծում, որ հենց ԱԱԾ-ն է դրա ետեւում կանգնած»,- նշեց Համբարձումյանը:
Պաշտոնյան, անգամ վարչապետի աթոռին նստած անձը, իրավունք ունի՞ ԱԱԾ-ից պահանջել՝ մարդկանց անձնական կյանքի մասին տվյալներ տրամադրել իրեն։ «ԱԱԾ տնօրենի գործառույթները կանոնակարգված են օրենքով: Եվ աշխատանքը կազմակերպվում է հենց այդ գործառույթների շրջանակներում: Եթե մարդու անձնական տվյալները վերաբերում են որեւէ հանցագործության դեպքի կամ տվյալ հանցագործության հետ կապ ունեցող շրջանակներին, ապա կարող են նաեւ տրամադրվել: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ ինֆորմացիա ստանալու տարբեր աղբյուրներ կան, եւ պարտադիր չէ, որ այն լինի ԱԱԾ-ն, օրինակ, գուցե ինչ-որ մի այլ հոգեւորական զրպարտչական տեղեկություններ է Փաշինյանին փոխանցել, ոչինչ չենք կարող պնդել»,- ասաց Համբարձումյանը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում