Ամերիաբանկն արժանացել է Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության «Չեմպիոնների լիգայի» հեղինակավոր մրցանակին՝ դառնալով առաջին կազմակերպությունը Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտից, որ երբևէ ստացել է այս մրցանակը։ Մասնավորապես, Ամերիան ստացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակը՝ Bronze Award in Fixed Income Market։
«Մեր համար հպարտության մեծ առիթ և հիմք է, որ առաջին անգամ հայկական շուկայից Ամերիաբանկն արժանացավ այս մրցանակին։ Մասնագետների գնահատմամբ՝ այն նպաստելու է Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ վստահության ու հետաքրքրության աճին նաև միջազգային ներդրողների կողմից։ Նշեմ, որ Ամերիաբանկը մրցում էր Աբու Դաբիի, Իրանի, Եգիպտոսի և նման այլ զարգացած կապիտալի շուկաների ընկերությունների հետ, և նման մրցակցության պարագայում ստացավ մրցանակ»,- նշեց Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը՝ հավելելով, որ միության անդամ է ավելի քան 1000 կազմակերպություն, իսկ Չեմպիոնների լիգայի մրցանակի համար այս տարի մրցում էր դրանցից 66-ը։
Աբու Դաբիի բորսայի գլխավոր գործառնական տնօրեն Սաքեր Ասլանի խոսքով՝ այս մակարդակի մրցանակ ստանալը հսկայական քայլ է ցանկացած շուկայի կամ ընկերության համար․ «Սա վստահություն է, ճանաչում է և կարևոր ազդակ միջազգային ներդրողներին»։
Իսկ Բուխարեստի ֆոնդային բորսայի նախագահ և Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության նախագահ Ռադու Հանգան հավելեց, որ մրցանակները բարձրացնում են ինչպես մրցանակակիր ընկերությունների, այնպես էլ ընդհանուր շուկաների ճանաչելիությունը․ «Դրանք օգնում են մեզ ավելի լավ ճանաչել միմյանց՝ խթանելով համագործակցությունը և հետաքրքրությունը»։
Կարդացեք նաև
«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ այս հեղինակավոր մրցանակը։ Այն տարածաշրջանի մակարդակով պարտատոմսերի շուկայում ակտիվության համար մրցանակ է, ու նշանակալի է ոչ միայն Ամերիաբանկի, այլ նաև Հայաստանի կապիտալի շուկայի և Հայաստանի համար ընդհանրապես։ Վստահ ենք, որ այս մրցանակը նպաստելու է Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ վստահության և հետաքրքրության աճին թե՛ միջազգային, թե՛ տեղական ներդրողների կողմից»,- նշեց Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով՝ մրցանակը ստանալուն մեծապես նպաստել է նաև բանկի MyInvest ներդրումային հարթակը, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմաթիվ գործարքներ այդ թվում պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն և դրանով նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը ևս։
Կապիտալի շուկաների «Չեմպիոնների լիգայի» մրցանակաբաշխությունը կայացավ ConFEAS 2025 հոբելյանական 30-րդ համաժողովի շրջանակում, որն անցկացվեց Երևանում մայիսի 30-ից 31-ը։ Այն հյուրընկալեց ոլորտի շուրջ 300 առաջատար մասնագետի եվրասիական երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից և միջազգային ֆինանսական հաստատություններից:
Մասնակիցները համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ժամանակակից կապիտալի շուկաները ձևավորող վերջին միտումները, մարտահրավերներն ու նորարարությունները: Միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 30 ճանաչված զեկուցող՝ կապիտալի շուկաների վերաբերյալ բազմազան թեմաներին անդրադարձով:
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ