Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կանգնած ենք Հայոց Եկեղեցու կողքին և հայտնում ենք նրան մեր լիակատար աջակցությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ

Մայիս 31,2025 18:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 

Դիվանագետների համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին Հայաստանում իշխող վարչախմբի ու նրա պարագլխի՝ հատկապես վերջին օրերին տարրական բարեկրթության և բարոյականության բոլոր սահմանները հատած արտահայտությունները:

Հանրային տիրույթում անթույլատրելի և բարձրագույն պաշտոնների հետ բացարձակապես անհամատեղելի այդ արտահայտությունները համարում ենք ոչ միայն կրթության, գիտելիքների, բարոյականության ու դաստիարակության ակնհայտ բացակայության հիվանդագին դրսևորումներ, այլև միտումնավոր և մտածված քաղաքականություն, որի թիրախն են.

  • Դարերի ընթացքում ձևավորված մեր ինքնության հենասյուներն ու արժեքային համակարգը,
  • ՀՀ Սահմանադրությունը, որով Եկեղեցին անջատ է պետությունից, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ունի բացառիկ դեր,
  • Իշխանությունների զրոյական արժևորման համեմատ՝ ՀԱԵ է՛լ ավելի աճող հեղինակությունը,
  • Իշխանությունների աջակցությունից զրկված և նրանց կողմից մոռացված Արցախի մեր եղբայրների ու քույրերի իրավունքների, հետևաբար մեր բոլորի իրավունքների պաշտպանության հարցում Եկեղեցու հետևողական ջանքերն ու անթաքույց նախանձախնդրությունը:

Արցախը կորցրած, պատերազմը տանուլ տված, հազարավոր կյանքեր զոհած, մեր ինքնիշխան երկրի տարածքները ոսոխին նվիրող, իր իսկ նախընտրական ծրագրերը և պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը տապալած, մեր ինքնության հիմքերը և պետական ինստիտուտները թիրախավորած, երկիրը աննախադեպ ճգնաժամի հասցրած, բանսարկու և ազգադավ խմբակի որդեգրած քաղաքականությունը հերթական անգամ համընկնում է մեր ոխերիմ թշնամիների խոսույթին և ուղղված է մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրներից ու գոյութենաբանական մարտահրավերներից մեզ բոլորիս շեղելուն, հասարակությունը հերթական անգամ պառակտելու ստոր քաղաքականությամբ իրենց երերացող աթոռը պահպանելուն:

Ատելության, չարության և նախանձի հիմքով իշխանության եկած ու հասարակության տարբեր շերտերին տարիներ շարունակ իրար դեմ լարելուն լծված և հոգևարքի մեջ գտնվող իշխանության խոսույթն ու գործողությունները սպառնալիք են ոչ միայն մեր հոգևոր դասի և Եկեղեցու համար, այլև ողջ հայության համար, որովհետև Եկեղեցին հենց ժողովուրդն է, և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին՝ ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը՝ Ազգընտիր Հայրապետի գլխավորությամբ:

Մեր ժողովրդի գիտակից և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեպաշտ բոլոր զավակների հետ միասին մենք կանգնած ենք Հայոց Եկեղեցու կողքին և հայտնում ենք նրան մեր լիակատար աջակցությունը:

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031