Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանում արվեստը չի ապրում վակուումում». բարձր պոեզիա` գումարած սաքսոֆոն

Մայիս 31,2025 20:20

«Կյանքի մասը» նախագծի ընթացքում Մանդելշտամի, Պաստեռնակի, Բրոդսկու բանաստեղծությունները կներկայացվեն ջազային երաժշտության հետ:

Կինոյի եւ թատրոնի դերասան Անատոլի Բելին Երեւանում հունիսի 6-ին հանդես կգա յուրօրինակ երաժշտական-բանաստեղծական «Կյանքի մասը» նախագծի շրջանակում: Հանդիսատեսն ի թիվս այլնի կվայելի Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Իոսիֆ Բրոդսկու եւ այլոց բանաստեղծությունները, որոնք կներկայացվեն ջազային երաժշտության հետ ներդաշնակությամբ: Կարճ ասած՝ «Կյանքի մասը» առանձնահատուկ ջազային jam-session է: Անատոլի Բելյին ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով 2022-ին հեռացել է Իսրայել եւ այժմ հանդես է գալիս Գեշեր թատրոնում, իսկ իր հակապատերազմական մոնոներկայացումով՝ «Ես այստեղ եմ», արդեն իսկ շրջել է աշխարհի ավելի քան 60 քաղաքներում։ Բելիի հետ Երեւան է ժամանելու նաեւ սաքսոֆոնահար, կոմպոզիտոր Առնոլդ Գիսկին, որը մասնակցել է տարբեր ջազային փառատոների, գրել է երաժշտություն 20 վավերագրական եւ  անիմացիոն ֆիլմերի համար։ Aravot.am-ը «Կյանքի մասը» նախագծի մասին զրուցել է նախագծի կազմակերպիչ Գրիգորի Կորելսկիի հետ:

-Բավականին հետաքրքիր ծրագիր եք ներկայացնելու, ի՞նչ սկզբունքով են ընտրվել նշված բանաստեղծները:

-«Կյանքի մասը» ծրագիրը մտածված է որպես երկխոսություն ժամանակաշրջանների եւ ժանրերի միջեւ։ Մենք հատուկ ընտրել ենք 20-րդ դարի երեք մեծ բանաստեղծներին՝ Մանդելշտամին, Պաստեռնակին և Բրոդսկուն, քանի որ նրանց բանաստեղծությունները ունեն հիանալի երաժշտականություն եւ խորություն, դրանք հիանալիորեն համադրվում են ջազային իմպրովիզացիայի հետ։ Այս դասական հիմքը լրացնելու համար մենք ներառել ենք նաեւ ժամանակակից բանաստեղծուհիների՝ Ժենյա Բերկովիչի և Ալի Հայտլինայի ստեղծագործությունները։ Նրանց ձայնը հաղորդում է ծրագրին արդիականություն, ցույց են տալիս, թե ինչպես է կենդանի պոեզիայի ավանդույթը շարունակվում այսօր։

Սա պարզապես բանաստեղծությունների ընթերցում  չէ երաժշտության ուղեկցությամբ, այլ իսկական ստեղծագործական փորձարկում է՝ մի տեսակ ջազային jam-session, որտեղ բառը եւ հնչյունը  ներդաշնակվում են՝ հանդիսատեսի աչքի առաջ ստեղծելով մի բան, որը դեռ գոյություն չուներ։ Մենք ուզում ենք, որ հանդիսատեսը ոչ միայն լսի պոեզիան, այլ այն զգա՝ նոր չափման մեջ։

– Այսօր պոեզիան կարծես այնքան էլ մոդայիկ չէ աշխարհում, մարդիկ վազում են ավելի հեշտ ընկալելը տեղեկատվության հետեւից: Ինչպիսի ակնկալիքներ ունեք հայ ունկնդրից:

– Դուք ճիշտ եք՝ ժամանակակից կյանքի արագ ռիթմը թելադրում է արագ և «թեթեւ» բովանդակության պահանջարկ։ Ուստի նաեւ հենց այդ պատճառով նման նախագծերը, ինչպիսին է «Կյանքի մասը», այսօր շատ կարեւոր են։ Ինչ վերաբերում է հայ հանդիսատեսին, ջերմ սպասելիքներ ունենք։ Հայաստանը մշակութային խորը արմատներ ունեցող երկիր է, որտեղ պոեզիան միշտ ունեցել է առանձնահատուկ տեղ։ Բավական է հիշել, թե ինչպես են այստեղ հարգում հայ մեծագույն բանաստեղծներին եւ ինչ  վերաբերմունք կա խոսքի նկատմամբ ընդհանրապես։

Երևանն էլ մի քաղաք է, որտեղ արվեստը չի ապրում վակուումում։ Հայաստանցի հանդիսատեսը բաց է ժանրերի հատման կետերում իրականացվող փորձարկումների համար, ինչը հիանալի կերպով համընկնում է մեր երեկոյի գաղափարի հետ։ Մենք պարզապես բանաստեղծություններ չենք կարդում, մենք ստեղծում ենք կենդանի երկխոսություն պոեզիայի եւ ջազի, դասականի եւ արդիականության միջև։

Եվ  հետո՝ ինչպե՞ս կարող է ոչ մոդայիկ  լինել մի բան, որն անդրադառնում է հավերժությանը: Սեր, միայնություն, իմաստների փնտրտուք՝ այս ամենը հոգեհարազատ է ցանկացած երկրում ապրող հանդիսատեսին։ Իսկ Հայաստանում, որտեղ արվեստը հաճախ դառնում է հոգու փրկություն բարդ ժամանակներում, այսպիսի զրույցը հատկապես տեղին է։ Այսպիսով՝ մենք սպասում ենք խորհող, զգայուն հանդիսատեսներին: Վստահ եմ՝ նրանք կլինեն այս երեկոյի լավագույն համահեղինակները։

– Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Անատոլի Բելին հեռացավ Ռուսաստանից եւ հաստատվես Իսրայելում: Եվ ահա, այս միջոցառման շրջանակում նա կարող է դահլիճում տեսնել իր հայրենակիցներին: Ինչ ուղերձ է արտիստը  նրանց փոխանցելու ազատության շունչ կրող պոեզիայի ու ջազի միջոցով:

-Անատոլի Բելին մի դերասան է, որի համար անկեղծությունն ու ստեղծագործական ազատությունը միշտ եղել են սկզբունքային։  Նրա հեռանալը Ռուսաստանից իր անձնական ընտրություն էր՝ հանուն ասելիքն անկաշկանդ արտահայտելու իրավունքի։ «Կյանքի մասը» ծրագրում նա մանիֆեստներ չի ընթերցի՝ հենց արվեստն է լինելու նրա դիրքորոշումը։

Անազատության հետեւանքներին ծանոթ բանաստեղծների՝ Մանդելշտամի, Պաստեռնակի, Բրոդսկու բանաստեղծությունների եւ ժամանակակից հեղինակների տեքստերի միջոցով հնչում է հավերժությունը. նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում մարդը մնում է մարդ, եթե կարողանում է զգալ, մտածել եւ ստեղծել։ Իսկ Առնոլդ Գիսկինի ջազը՝ իմպրովիզացիայի լեզուն է, որտեղ արգելված նոտաներ չկան, միայն տվյալ պահի կենդանի,  բաբախող ճշմարտությունն է։

Եթե խոսենք ուղերձի մասին, ապա այն հենց այս երեկոյի բնույթն է։ Երբ պոեզիան եւ երաժշտությունը հանդիպում են առանց սահմանների, երբ դահլիճը շնչում է նույն ռիթմով՝ արտիստների հետ, դա արդեն իսկ ազատություն է, փխրուն, բայց անսպառ։ Եվ ամենակարեւորն այն է, որ այս ամենը տեղի է ունենում հենց Երևանում՝ քաղաքում, որը դարձել է մշակույթների երկխոսության խորհրդանիշ։
Մենք պատասխաններ չենք տալիս, մենք հարցեր ենք բարձրացնում։ Եվ եթե համերգից հետո ինչ-որ մեկն իր ձեռքը վերցնի բանաստեղծությունների գիրքը կամ սկսի խորհել ինչ-որ կարևոր բանի մասին, ուրեմն ամեն ինչ ստացվել է։

Ի դեպ, Անատոլին հաճախ է ասում. «Արվեստում «ճիշտ» կարծիքներ չկան, կա միայն անկեղծություն»։ Սա է նրա գլխավոր ուղերձը։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Անատոլի Բելիի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031