Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական և ադրբեջանական հակաեկեղեցական քարոզչության տարբերությունն այն է, որ ադրբեջանական կողմը դա անում է բացահայտորեն, իսկ ՀՀ վարչապետն ու նրա համախոհները՝ քարոզչական թաքնված հնարքներ գործադրելով. Գենադի Մնացականյան

Մայիս 31,2025 20:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետի կողմից հերթական անգամ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված արշավի թեման շարունակվում է զարգանալ։ Ի պաշտպանություն վարչապետի արդեն առիթավորվեցին նաև նրա հետ սերտ  կապեր ունեցող անձինք՝ ամեն մեկն իր ճաշակով պղտորելով հայ ժողովրդի միտքը։

Իրականում վարչապետի կողմից Եկեղեցուն քննադատելը ոչ թե մայիսի 29-ի կառավարության նիստի օրակարգում էր, այլ, ըստ իս, իր անձնական օրակարգային հարցն էր։ Եթե մարզահամերգային համալիրը հարսանյաց սրահ դարձնելու «դրական կողմերը» ներկայացնելուց հետո շրջադարձ չկատարեր դեպի եկեղեցական թեման, ապա, միևնույն է, որևէ հարցից հետո տրամաբանական լիներ դա թե ոչ, նա պետք է այդ օրը Եկեղեցուն քննադատեր՝ լավ հասկանալով, որ անարձագանք չի մնա, իսկ ինքն էլ արդեն գիտեր, թե ինչպես անկյունները սրել։ Այս ամենը ստվերեցին Սարդարապատում Նիկոլ Փաշինյանի ուղերձները, որոնց մասին հարկ էր խոսել ու հասարակական քննարկումներ կազմակերպել, սակայն շատ քիչ խոսվեց և հնարավոր է, որ Հայ Եկեղեցու դեմ արշավ սկսելու նպատակներից մեկն էր նաև հենց սարդարապատյան վիճահարույց ուղերձներից հայ հասարակության ուշադրությունը շեղելը։

Իզուր են այն պնդումները, թե խոսքը ոչ թե Հայ Եկեղեցու, այլ որոշ հոգևորականների մասին է, դա բացարձակապես կեղծ ու նենգ սուտ է, քանի որ ավելի քան ակնհայտ է աղանդավորականներին հատուկ նրանց խոսույթն ու ոճը։  Թիրախը, անկասկած, հենց Հայ Առաքելական Եկեղեցին է։

Իհարկե, ոչ ոք չի կարող Եկեղեցին վերացնել, սակայն կարող են փորձել իրենց հնազանդեցնել, ինչը նույնպես անհնար է, մանավանդ այսօրվա իշխանությունների օրոք։ Եվ, ընդհանրապես, որևէ իշխանությունների օրոք նման բան Հայաստանում չի եղել և չի կարող լինել։ Կարող էին և պետք է, որ լինեին համագործակցություն կրթական, գիտական, մշակութային և այլ հայրենաշեն բնագավառներում, սակայն հնազանդեցնել Հայոց Եկեղեցուն և գործակից դարձնել ապազգային ծրագրերում անհնար է։

ՔՊ-ական և ադրբեջանական հակաեկեղեցական քարոզչության տարբերությունն այն է, որ ադրբեջանական կողմը դա անում է բացահայտորեն, իսկ ՀՀ վարչապետն ու նրա համախոհները՝ քարոզչական թաքնված հնարքներ գործադրելով, իսկ որոշ դեպքերում նաև նույնպես բացահայտորեն, սակայն կեղծ եկեղեցասիրության քողի տակ։ Եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող այս շատ տհաճ թեման, ըստ իս, շրջադարձ կարող է ունենալ  միայն Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական արձագանքից հետո, այլ խոսքով, կամ կրքերը կհանդարտվեն կամ Հայ Եկեղեցին կընդունի ՔՊ կողմից հայտարարված տեղեկատվական պատերազմը, ինչը, հարկ է նկատի ունենալ, որ կարող է դուրս գալ տեղեկատվական դաշտից և հանգեցնել քաղաքացիական լուրջ բախումների։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031