Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրելի՜ երեխաներ, ուզում եմ՝ իմանաք, որ մենք ուղղակի մեծական խոսակցություն ունենք, որ պարտավոր ենք մինչեւ վերջ տանել, իսկ դուք ոչ մի խոսքի մի հավատացեք եւ լուրջ մի վերաբերվեք․ Աննա Հակոբյան

Հունիս 01,2025 09:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչների, դատական, օրենսդիր, գործադիր մարմիններում պաշտոններ ունեցողների, հանրային գործիչների, բոլոր խմբագիրների, լրագրողների, քաղաքական ակտիվիստների երեխաներին.

Սիրելի՜ երեխաներ, համով ձագուկներ, չքնաղ, անարատ արարածներ,

Ես ներողություն եմ խնդրում ձեզանից ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար։ Ներողություն եմ խնդրում ձեր պայծառ ու ուրախ մանկության վրա ստվեր գցելու համար։

Ուզում եմ՝ իմանաք, որ մենք ուղղակի մեծական խոսակցություն ունենք, որ պարտավոր ենք մինչեւ վերջ տանել։ Այս խոսակցությունը հանգամանքների բերումով ընթանում է «մարտեր առանց կանոնների» ժանրով։ Բայց դուք մի՛ հավատացեք ոչ մի բանի։ Լուրջ մի՛ վերաբերվեք ոչ մի բառի։ Մի՛ լսեք, մի՛ դիտեք, մի՛ քննարկեք։ Դա ձեր գործը չէ։

Իմացեք, որ ձեզանից յուրաքանչյուրի հայրիկը ու մայրիկը ամենալավն են։ Նրանք ձեզ անսահման սիրում են։ Նրանք ապրում են ձեզ համար, պայքարում են ձեզ համար, ամեն ինչ անում են ձեզ լավ ներկա եւ լավ ապագա նվիրելու համար։ Բոլորիդ հայրիկների ու մայրիկների համար դուք ամենակարեւորն եք, ամենաթանկը, ամենասիրելին։

Եվ, նորից եմ ասում, չհավատա՛ք լսած ոչ մի խոսքի։ Բոլորի հայրիկներն ամենալավն են, բոլորի մայրիկներն ամենալավն են։
Մենք՝ մեծերս, պարզապես մի քիչ անառողջ, կեղծիքներով պարուրված միջավայր ենք ժառանգել, եւ ոչ ոք մեղավոր չէ դրա համար։ Բայց մենք ձեր հանդեպ մեծ մեղք գործած կլինենք, եթե նույնը ժառանգենք ձեզ։

Մենք պարտավոր ենք վեր հանել խորը պահած բոլոր ծանր եւ բարդ հարցերը, խոսել դրանց մասին, լուծել դրանք։ Մենք պարտավոր ենք մաքրել մեր միջավայրը եւ ձեզ թողնել ոչ միայն բարեկեցիկ պետություն, այլեւ առողջ եւ բարեկիրթ միջավայր։

Եվ ոչինչ, որ մենք՝ մեծերով, մի քիչ վիճենք, իրար հայհոյենք։ Մենք մեծ ենք, այդ ամենին կդիմանանք։ Իսկ դուք ոչ մի խոսքի մի հավատացեք եւ լուրջ մի վերաբերվեք։ Մի էլ լսեք՝ գիրք կարդացեք, մուլտեր ու ֆիլմեր դիտեք, բակում իրար հետ պահմտոցի, ֆուտբոլ ու այլ խաղեր խաղացեք։

Շա՜տ սովորեք, լա՜վ սովորեք։ Շա՜տ կարդացեք։ Գիտելիքի մեջ է երջանկությունը։ Գիտելիքի մեջ են բոլոր գաղտնիքներն ու հաղթանակները։
Սիրելի ձագուկներ, շնորհավոր ձեր տոնը եւ կրկին՝ ներողություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30