Կառավարությունն արդեն հավանություն է տվել նախագծերի փաթեթին, որում կան նաեւ ՀՀ պաշտպանական ու անվտանգային ոլորտին առնչվող մի շարք այլ կարգավորումներ: Դրանք շուտով կդրվեն ԱԺ-ի վավերացմանը, եւ խորհրդարանը՝ ի հեճուկս հանրային ու փորձագիտական շրջանակների դժգոհությունների, իշխող քաղաքական մեծամասնության ձայներով կընդունի վիճահարույց օրինագիծը: Թե ինչ տեղի կունենա օրենքի ընդունումից հետո, դժվար չէ կանխատեսել՝ բանակում ծառայելը, որ միշտ պատվի հարց է համարվել, կդառնա հանրության չքավոր մասի «մենաշնորհը», որը չի ունենա հնարավորություն՝ մուծելու 15-20 միլիոն գումար: Բանակը հիմնիվեր քանդելու ավելի զազրելի միջոց այս իշխանությունը չէր կարող մտածել:
Եթե երկու բառով փորձենք նկարագրել սույն փաստաթղթի հիմնէությունը՝ սա փողի դիմաց հայրենիքին չծառայելու նախագիծ է: Ադրբեջանի եւ Թուրքիայի պես հարեւաններ ունեցող, առավել եւս՝ դրանց աքցանում պարփակված երկիրը չի կարող իր Զինված ուժերը նման փորձության ենթարկել: Բայց արտաքին վտանգը դեռ բոլորը չէ, կան նաեւ ներքին մարտահրավերներ: Փողի հիմքի վրա ձեւավորվող անվտանգությունը հասարակությանը բեւեռացման տանող ուղիղ ճանապարհ է՝ սոցիալական մի ջրբաժան, որի մի կողմում նրանք են, ովքեր ի վիճակի են վճարել ու բանակից ազատել իրենց զավակներին, իսկ մյուս կողմում՝ այն ընտանիքները, որոնց որդիների ուսերին է ծանրանալու բանակային ծառայության բեռը:
Բացառությունները չհաշված՝ ունեւորներն այսօր եւս ունեն փողով իրենց զավակներին զինծառայությունից ազատելու հնարավորություն: Եվ ի՞նչ է անում մեր իշխանությունը: Փոխանակ կտրուկ միջոցներ ձեռնարկի ոլորտը կոռուպցիայից ու հովանավորչությունից մաքրելու համար, չգիտես ինչու, որոշում է գնալ խոտոր ճանապարհով՝ օրինականացնել կաշառքը: Արդյունքում հասարակության բեւեռացումն ավելի է խորանում, իսկ բանակը մնում է բացառապես չքավոր ընտանիքներից զորակոչված տղաների հույսին: Դրանով ոչ միայն խախտվում են արդարության ու հավասարության սկզբունքները, այլեւ բանակը դադարում է լինել որպես ազգը միավորող գործոն՝ փոխակերպվելով, ավելի շուտ, տարանջատող գործոնի:
Հայոց բանակը՝ մեր երկրի աշխարհաքաղաքական բարդ դիրքով պայմանավորված՝ պետք է դառնա հանրային համախմբվածության հենասյունը՝ սա ուղղակի գոյութենական հարց է: Եթե այդ հենասյան կարեւորությանը մոտենանք ինչ-որ «շիշ բռնողների» հաշվենկատ սխեմաների դիտանկյունից, տանուլ կտանք՝ պետական անվտանգության համակարգը կկորցնի իր համախմբող դերն ու համազգային բնույթը: Իրականում նման փաստաթղթերը պետք է նախապես հանրային լայն քննարկում անցնեն՝ մանավանդ, երբ այն առաջարկող եւ վավերացնող կողմն ունի վարկանիշի, ուրեմն եւ օրինակարգության լուրջ խնդիր: Եվ մանավանդ, երբ կա տեսակետ, թե ՔՊ-ական «բիրդան աղաներն» իրենց զավակների համար են ընդունում այս օրենքը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում