Ըստ էության, նոր իրողություններում գործելու՝ ազգի հազվագյուտ հնարավորությունն ի սկզբանե բաց թողնվեց: Եվ հետո իրավունքներից հրաժարվելու ուղեգիծ հաստատվեց եւ Արցախի անկախությունը ճանաչելու քայլը ներկայացվեց որպես մահացու սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը։ Արդյունքում՝ 1994-ի պատերազմին հաջորդած՝ երկու հանրապետությունների տեսքով Հայաստանի պետականության ձեւավորումից քառորդ դար անց Արցախը տրվեց թշնամուն՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ, համապատասխանաբար, անվտանգության շրջանակներում «լեգիտիմություն» ձեռք բերելու ակնկալիքով։
Այս «ճշմարտությունները» ուսուցանող Հայաստանի հիմնադիր հայրերը չէին էլ մտածում, որ կարող են խորապես սխալվել 1980-ականների վերջից ի վեր տեղի ունեցող միջազգային գործընթացների գնահատականներում։ Նրանք չէին մտածում այն մասին, որ երիտասարդներին «կերակրում» են աշխարհի եւ իրենց մասին հնացած գիտելիքներով: Նրանք չէին մտածում, թե ինչ վնաս են հասցնում երիտասարդներին իրենց հայտարարություններով, թե հայ ժողովուրդն իր ազգային խնդիրները լուծելով՝ «ձեռնոց» է նետում աշխարհին։ Այսինքն՝ նրանք իրենց պահեցին այնպես, ինչպես կարող էին իրենց պահել անցյալի կարծրատիպերի մեջ խրված գործիչները։
Արդյունքում ներկայիս հայ քաղաքական գործիչները՝ կատարելով իրենց «քաղաքական հայրերի» կամքը, Արցախի հանձնումն Ադրբեջանին գնահատեցին որպես «հաղթանակ» Հայաստանի Հանրապետության քաղաքական մտքի համար։
Բայց ինչ-որ կերպ այդպես չստացվեց։ 2025 թվականի մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության ներկայիս արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եվրոպական երկրների դեսպանների եւ բարձրաստիճան քաղաքական գործիչների առջեւ հանկարծ հայտարարեց, որ «… միջազգային իրավունքի սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը, որոնք ժամանակին սրբազան էին համարվում, կորցրել են իրենց կշիռը։ Այժմ դրանք թվում են պարզապես գեղեցիկ բառեր, որոնք ամրագրվել են հռչակագրերում եւ կանոնադրություններում, սակայն շատ հաճախ՝ ապարդյուն»։
Կարդացեք նաև
Իսկ վարչապետ Փաշինյանը շարունակում է դժգոհել, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի մեծ մասի նկատմամբ։ Ի՞նչ տարօրինակ բան տեսավ նա այստեղ, երբ Ադրբեջանի նախագահը երկար ժամանակ խոսում էր միջազգային հարաբերություններում նոր պայմանների մասին։
Պարզվում է՝ սխալ տեղում էին փրկություն փնտրում։ Մի ամբողջ սերունդ մեծացել է՝ հնարավորություն չունենալով հասկանալու, թե ինչպիսի աշխարհում են ապրում։ Մարդկանց համոզել են, որ նրանք ապրում են մի աշխարհում, որը ստեղծվել է մեկ դար առաջ Լենին-Աթաթուրք դաշնագրով։ Եվ որ այս աշխարհը չի կարող փոխվել հազար տարի: Եվ Աստված մի արասցե, ինչ-որ մեկը չհամարձակվի ճանաչել Արցախը անկախ. անհնար է դուրս գալ հայերին հատկացված «ռեզերվացիայի» սահմաններից. աշխարհը կպատժի:
Բայց հիմա պարզվում է, որ տարածքային ամբողջականությունը պարզապես գեղեցիկ խոսքեր են։ Իսկ Արարատ Միրզոյանին մնում է միայն արդարանալ՝ ասելով. «Վերջին մի քանի տարիներին աշխարհում տեղի են ունենում անորոշություններ, անսովոր երեւույթներ եւ զարգացումներ, այնպիսի երեւույթներ, որոնց դրսեւորման հավանականությանը Երկրորդ աշխարհամարտից հետո ոչ ոք չէր կարող հավատալ»։ Եվ այսպես էլ է լինում… պետք չէ շատ վստահ լինել, իսկ երբեմն պետք է հավատալ:
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում